Պուտինի, Փաշինյանի և Ալիևի համատեղ հայտարարությունը

Ներկայացնում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ստորագրված հայտարարության ամբողջական տեքստը:

«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․ Հ․Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Վ․Պուտինը, հայտարարում ենք հետևյալի մասին․

1․ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը:

2․ Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր)  միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

3․ Գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:

4․ Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման եւ կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»: