Դուք այսօր թքած ունեք ժողովրդի, հանրային տրամադրությունների վրա, որոնք ընտրել են «Իմ քայլը» դաշինքին․ Գրիգոր Երիցյան

«Այսօր վերջին անգամ է, որ կկարողանամ այս ամբիոնից դիմել ձեզ. անձնապես շատ եմ ցավում, որ այսօր այս դահլիճում իմ նախկին  գործընկերների մի մասը համաձայնել է դառնալ այս խայտառակ, անարդար և հակաժողովրդավարական գործընթացի մի մասը, որն ինչ փաթեթավորմամբ էլ փորձեցին ներկայացնել, ոչ մի առումով չի բխում Երևանի շահերից, նաև ձեր շահերից չի բխում, հարգելի գործընկերներ»,- այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը, որն արդեն հայտարարել է մանդատը վայր դնելու մասին:

Նրա խոսքով, գործընթացն ուղեկցվել է ավագանու մի քանի անդամների նկատմամբ տարատեսակ ճնշումներով, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս գործընթացը ոչ լեգիտիմ է և նպատակ ունի ազատվել այն մարդկանցից, որոնք չեն կիսում իշխող կուսակցության դիրքորոշումը:

«Երեք տարի առաջ, երբ միացա հեղափոխական դաշինքին, երբեք իմ մտքով չէր անցնի, որ իմ գործընկերների կողմից իմ առաջ խնդիր է դրվելու, որ եթե չես քվեարկում իր դեմ, ուրեմն պետք է գնաս: Կամ մանդատն ես վայր դնում, կամ սառեցնում ենք քո բոլոր ծրագրերը, ռեֆորմները: Ես միացել էի մի թիմի, որը պայքարում էր կուսակցականության դեմ, հանուն արդարության, որը ժողովրդին խոստանում էր, որ ցանկացած որոշման դեպքում լսելու է ժողովրդի ձայնը: Այսօր ընդհակառակը, այս դահլիճում շատ շուտով օրենքի տառին համապատասխան կամրագրվի այդ անարդարությունը, քաղաքացու ձայնը կարհամարհվի և կամրապնդվի կուսակցապետությունը, որի դեմ մենք պայքարել ենք: Իսկ ո՞ւր մնաց ժողովրդի ձայնը: Դուք այսօր թքած ունեք ժողովրդի, հանրային տրամադրությունների վրա, որոնք ընտրել են «Իմ քայլը» դաշինքին: Մենք մսխում ենք հեղափոխության տված վերջին հնարավորությունը և վերջին մեխն ենք խփում այդ հեղափոխության վրա»,-ասաց Գրիգորի Երիցյանը:

Նշենք, որ Երևանի ավագանին այսօր՝  դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երևանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:

Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը և վայր դրել մանդատները: