Լիպարիտյանն ու Նիկոլը փափուկ, բայց մահացու բարձ են դնում մեր ժողովրդի գլխի տակ

«Ազգային ժողով» կոչվածում լրագրողների հետ զրույցում Լևոն Տեր- Պետրոսյանի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին, այժմ էլ, կարծում ենք, Հայաստանի ազգային անվտանգության դեմ Նիկոլ հողատուի ստվերային խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն ասել է, թե Հայաստանի համար Ադրբեջանից և Թուրքիայից վտանգ չկա: Ի՞նչ է` Հայաստանն այլևս չունի՞ որևէ արտաքին թշնամի, միանգամից դարձել է աշխարհի ամենաանվտանգ երկի՞րը…

Անշուշտ, մենք ինչ-որ հիմարի կողմից չգիտակցված հայտարարության հետ չէ, որ գործ ունենք: Հետևաբար այսպես, իրականության ամենաանխիղճ աղավաղմամբ, լկտի ստով ու կեղծիքով ժողովրդի զգոնությունը բթացնել, նրան ինքնապաշտպանության կամքից զրկել կամ դրա փորձը կարող էր անել միայն Թուրքիայի կամ Ադրբեջանի գործակալը, դավաճանը կամ ներքին թշնամին:

Ոչ թե մեր թվարկությունից առաջ, այլ ընդամենը մեկ տարի առաջ էր, որ Ադրբեջանը հայերիս դեմ պատերազմ սանձազերծեց` բոլորին հայտնի հետևանքներով… Լիպարիտյանն ու լիպարիտյանները միգուցե փորձեն հանրությանը մոլորեցնել, թե այդ ամենն արդեն անցյալ է, երկու երկրների ժողովուրդները պետք է Նիկոլի ասած ապագային նայեն, Ալիևն էլ է հայտարարել, որ ինքը կողմ է խաղաղության դարաշրջանին, հետևաբար Ադրբեջանը Հայաստանի համար այլևս վտանգ չի ներկայացնում: Լո՞ւրջ…

Եթե մերժենք, բացառենք այսպիսի հայտարարության հեղինակների հիմար կամ խելագար լինելու կանխավարկածը, ապա բոլոր նրանք, ովքեր այսպիսի բան կհայտարարեն, իմացեք, որ մեր արտաքին թշնամիների օգտին, նրանց համար գործող գառան դիմակով գայլեր են` մոլորեցնող ու հափշտակող: Կարծում եմ, բացատրելու կարիք չկա, թե այդպիսի գայլերի հետ ինչպես պետք է վարվել:

Ադրբեջանը Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և այնտեղ դատապարտված Ռամիլ Սաֆարովին բերեց իր մոտ, ազատ արձակեց, ազգային հերոսի կոչում տվեց ու մինչև օրս էլ այդ կարգավիճակից չի զրկել: Այդպիսի Ադրբեջանը Հայաստանի համար այսօր վտանգ չի՞ ներկայացնում…

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս. թ. մայիսի 12-ից ներխուժել են Հայաստանի տարածք, օկուպացրել (նմանաբնույթ վերջին գործողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին), խախտել Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը ու մինչև օրս հրաժարվում են դուրս գալ: Այդպիսի Ադրբեջանը Հայաստանի համար այսօր վտանգ չի՞ ներկայացնում…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս իսպանական «El Pais» պարբերականին տված հարցազրույցում մեզ ուղղակի սպառնում է. «Մենք ուշադիր հետևելու ենք նրանց (հայերի) բոլոր զորաշարժերին, վերախմբավորումներին և մեզ համար վտանգ ներկայացնելու ունակ ռազմական ներուժ ստեղծելու բոլոր փորձերին։ Եթե տեսնենք, որ նման բան է տեղի ունենում, ապա անմիջապես կվերացնենք վտանգը, և նրանք դա գիտեն։ Գիտեն նաև միջազգային դերակատարները»։

Նույն հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հրաժարվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Ադրբեջանը դեկտեմբերի 14-ին նոր զորամաս է բացել Հայաստանի հետ սահմանին, Զանգելանի շրջանի տարածքում: Արցախի օկուպացված տարածքներում մեր թշնամին բացել է արդեն 19 զորամաս, բացի այդ, նաև 104 ծառայողական-մարտական սահմանային անցակետ։ Անշուշտ, բացել է ոչ թե չիմանալով, թե որտեղ և ինչպես իր գումարները ծախսի: Բացել է նրա համար, որ Ալիևի վերոնշյալ սպառնալիքը սոսկ սպառնալիք չլինի:

Վերը նշված փաստերից թեկուզ միայն մեկը լիովին բավական է պնդելու, որ Ադրբեջանը Հայաստանի համար հենց այսօր էլ է վտանգ, վաղը նույնպես իրենից բավական լուրջ վտանգ է ներկայացնելու, և, ուրեմն, Լիպարիտյանը լկտիաբար ստում է ու կեղծում…

Ընդհանրապես ի՞նչ գործ ուներ Լիպարիտյանն «Ազգային ժողով» կոչվածում… Խնդիրը միայն  Լիպարիտյանը չէ, այլ նաև նա կամ նրանք, ովքեր Լիպարիտյանին հրավիրել են «Ազգային ժողով» կոչվածի շենք և նրա վերոնշյալ հայտարարությունը լսելուց հետո, հրապարակայնորեն անհամաձայնություն չեն հայտնում դրան:

Խնդիրը նաև, պատգամավորի պաշտոնը զբաղեցրած ՔՊ-ական այդ անձանցից էլ առաջ, Նիկոլ հողատուն է: Լիպարիտյանը, ըստ էության, հենց նրա դիրքորոշումն է արտահայտել, թե Հայաստանի համար Ադրբեջանից և Թուրքիայից վտանգ չկա: Հետևաբար Լիպարիտյանի հայտարարության առնչությամբ վերը գրվածը, նախևառաջ, վերաբերվում է Նիկոլ հողատուին: Նիկոլը նույնպես մոլորեցնում է մեր հանրությանը, բթացնում նրա զգոնությունը` լինելով Հայաստանում Ադրբեջանի և Թուրքիայի շահերի արտահայտիչ, ազդեցության գործակալ, որին պետական դավաճանության մեջ մեղադրելու բազմաթիվ փաստեր, հիմքեր կան ու հրապարակվել են:

Լիպարիտյանն ասել է նաև, թե Հայաստանի համար Թուրքիայից նույնպես վտանգ չկա, մինչդեռ բազմաթիվ փաստեր ճիշտ հակառակն են վկայում: Այդ ո՞ր պետության F-16 կործանիչն էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, 2020թ. սեպտեմբերի 29-ին Հայաստանի օդային տարածքում խոցեց հայկական Су-25 գրոհիչը, սպանեց օդաչուին… Թուրքիայի, իհարկե՛, Թուրքիայի:

Այդ ո՞ր պետության արտադրած, այդ ո՞ր պետությանը պատկանող կամ Ադրբեջանին տված «Բայրաքթար ՏԲ-2» ԱԹՍ-ներով էին հրթիռային հարվածներ հասցվում մեր զորքերին, խաղաղ բնակչությանը, ռազմական տեխնիկային Արցախի և ՀՀ տարածքներում: Թուրքիայի, իհարկե՛, Թուրքիայի:

Այդ ո՞ր պետության ռազմաօդային ուժերին պատկանող E-7T օդային կառավարման կենտրոնից (հետախուզական և ռադիոէլեկտրոնային պայքարի «Boeing E-7T Peace Eagle /737-7ES» ինքնաթիոից) էին նույն պատերազմի ընթացքում իրականացվում Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ օդային հարվածների հրամանատարությունը, հարձակողական գործողությունների օդային ղեկավարումը: Թուրքիայի, իհարկե՛, Թուրքիայի:

Հե՛նց նրա ռազմաօդային ուժերին պատկանող վերոնշյալ ինքնաթիռն է մարտական հերթապահություն կատարելով Թուրքիայի տարածքում, Էրզրում-Կարս հատվածում, իրականացրել Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ օդային հարվածների հրամանատարությունը, հարձակողական գործողությունների օդային ղեկավարումը:

Հե՛նց Թուրքիայի կողմից են պատերազմին մասնակցել առնվազն 600 հատուկ ջոկատայիններ, էլ չենք խոսում զինվորական հրահանգիչների, խորհրդատուների մասին… Հենց Թուրքիայի կողմից են Ադրբեջանին փոխանցվել հետախուզական տեղեկություններ, վարձվել ահաբեկիչներ ու կազմակերպվել Սիրիայից Ադրբեջան նրանց տեղափոխումը: Իսկ հիմա Լիպարիտյանը մեր ժողովրդի գլխի տակ փափուկ, բայց մահացու բարձ է դնում, թե Հայաստանին Թուրքիայից վտանգ չկա:

Անգամ ԱՄՆ-ի Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովն արտահերթ զեկույցն է վկայում, թե այսօրվա Թուրքիան իրենից ինչ է ներկայացնում: Մեկնաբանելով տվյալ զեկույցը, վերոնշյալ հանձնաժողովի հանձնակատար Թոնի ն ասել է.

«Այս տարի Թուրքիայում քանդվել է մեկ հայկական եկեղեցի, ոչնչացվել Վանի հայկական գերեզմանը, սրանք ահաբեկման ձևեր են, երբ ոչնչացվում են կարևոր կրոնական և մշակությաին կարևորության վայրեր»:

Փերքինզը նշել է նաև Թուրքիայում հայերին անհիմն մեղադրելու, շարունակվող հայատյացության, եթե ոչ Թուրքիայի իշխանությունների ուղղակի մասնակցությամբ, ապա առնվազն չեզոք վերաբերմունքի պատճառով կրոնական փոքրամասնությունների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների նկատմամբ իրականացվող ճնշումների, նրանց իրավունքների սահմանափակման, ավելին` իշխանությունների կողմից Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կատարված հանցագործություններն անպատիժ թողնելու, երկրում կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վատթարացման մասին:

Բնավ չենք զարմանա, եթե Նիկոլ հողատուի կամ Հայաստանի ոստիկանական բռնապետության արտգործնախարարության կողմից հենց Լիպարիտյանը նշանակվի Թուրքիայի հետ Հայաստանի երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ` դրանից բխող ու հայերիս, Հայաստանի համար բոլոր աղետալի հետևանքներով հանդերձ:

Հետաքրքիր է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը խնդրի առնչությամբ, նա նույնպես կիսո՞ւմ է իր նախկին խորհրդական Լիպարիտյանի կարծիքը, թե Հայաստանի համար Ադրբեջանից և Թուրքիայից վտանգ չկա: Լիպարիտյանը ոչ միայն Նիկոլի, նաև նրա դիրքորոշման արտահայտի՞չն է… Եթե ոչ, ինչո՞ւ հրապարակայնորեն հանդես չի գալիս այդ կապակցությամբ:

 

Արթուր Հովհաննիսյան