Լեհաստանը Եվրամիությանը սպառնացել է հրաժարվել բյուջե վճարումներ կատարելուց
Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զեբրոն չի բացառել, որ հանրապետությունը կդադարեցնի անդամակցության վճարները ԵՄ բյուջեին, եթե վերջինս կրճատի ֆինանսավորումը։ Այս մասին հղում անելով Financial Times-ին՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Լեհաստանը պետք է վետո դնի ԵՄ որոշումների վրա, որոնք պահանջում են միաձայն հավանություն՝ ի պատասխան ԵՄ շանտաժի»,- ասել է նա թերթին տված հարցազրույցում։
Արդարադատության նախարարության ղեկավարն առաջարկել է նաև վերանայել էներգետիկայի և կլիմայական քաղաքականության վերաբերյալ Վարշավայի ստանձնած պարտավորությունները Բրյուսելի հանդեպ, որոնք, նրա խոսքերով, «հանգեցնում են էլեկտրաէներգիայի գների արագ աճին»։
Զեբրոն խոստացել է դադարեցնել ԵՄ բյուջե վճարումները, եթե պետությունների միջև տարաձայնությունները սրվեն։ Նրա կարծիքով, այս քայլը լիովին արդարացված է, քանի որ եվրոպական ղեկավարությունը ապօրինաբար մերժում է Լեհաստանին գումարներ տալը ընդհանուր բյուջեից, որին երկիրը, ինչպես մյուսները, միջոցներ է փոխանցում։