Շիրակի մարզպետը Ջագան Չափագանի հետ քննարկել է Շիրակի մարզից գերեվարվածների վերադարձի հարցը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին  տեղեկանում ենք մարզպետարանից:

«Մեզ համար պատիվ է այսօր Ձեզ հյուրընկալել Շիրակի մարզում, արդեն փոխգործակցության նախադրյալներ ունենք, լիահույս եմ, որ այն կարևոր առաքելությունը, որ իրականացնում եք Հայաստանում՝ շարունակական կլինի»,- նշել է Շիրակի մարզպետը։

Կարևորելով Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի հետ ակտիվ համագործակցությունը՝ կողմերը քննարկել են Շիրակի մարզից գերեվարվածների վերադարձի և հումանիտար աջակցությանն առնչվող հարցեր։ Ջագան Չափագանը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին ընդունելության համար ու նշել , որ վերահաստատում է Հայաստանի կողքին գտնվելու պատարաստակամությունը, իսկ Շիրակի մարզում իրականացվող ծրագրերը կկրեն շարունակական բնույթ։ Մարզպետը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը Շիրակի մարզում, մասնավորապես, անդրադառնալով համայնքների դիմակայունության բարձրացմանը, պատերազմի, աղետների հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրերին։

Կարևորելով մարզի ազգաբնակչության առջև ծառացած հիմնախնդիրների լուծումը՝ զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռքբերել շարունակել համագործակցությունը։