Ալեն Սիմոնյանը պնդում է՝ համացանցում հայտնված տեսանյութը մոնտաժված է (տեսանյութ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, թե համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ ինքն ասում է, թե Ադրբեջանում հայտնված գերիներն իր համար արդեն չկան, մոնտաժված է։

«Նյութը մոնտաժված է, խոսքը բանակցությունների մասին է, խոսքը տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին է։ Շատ ցավում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք ներկայանում են աջակից և գալիս ու խնդրում են, ասում են՝ կարող ենք Ձեզ մի քանի հարց տալ, ես էլ պատասխանում եմ, ընթացքում նկատեցի, որ մի աղջիկ կար, եթե չեմ սխալվում՝ անունը Հասմիկ, որ հեռախոսը պահել էր։ Ասացի՝ խնդրում եմ չնկարահանել, որովհետև զրույցի ենք բռնվել, որը չեմ ուզում հրապարակային ասել։ Նա ասաց, թե՝ «չէ, ինչ եք ասում»։ Նման իրավիճակներն օգտագործվում են Հայաստանի շահերը հետ մղելու համար։ Էն բոլոր մարդիկ, ովքեր նման քայլ են անում, պետք է գիտակցեն, որ կա քրեական պատասխանատվություն», – ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա նաև նշեց, որ բանակցային պրոցեսում գերիների հարցը մշտապես բարձրացրել ու բարձրացնելու են, բայց կան մարդիկ, որոնք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, զենքը վայր են դրել ու հանձնվել են գերի, նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվելու՝ օրենքի պահանջով։

«ՀՀ բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, նրանք մեր հպարտությունն են, բայց, ցավոք, կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ»,-հայտարարեց ԱԺ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյությում