Covid-19-ի «օմիկրոն» շտամի դեմ նոր պատվաստանյութ է ստեղծվում
Ամերիկյան Pfizer ընկերությունն արդեն սկսել է նոր պատվաստանյութ մշակել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի առաջացման ֆոնին, այն կարող է ստեղծվել 100 օրից էլ քիչ ժամանակում, ասել է ընկերության ղեկավար Ալբերտ Բուրլան։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով, կա հավանականություն, որ գոյություն ունեցող պատվաստանյութերը կարող են ավելի քիչ արդյունավետ լինել նոր շտամի դեմ։ Արդյունքում կարող են պահանջվել նոր պատվաստանյութեր։
«Մենք արդեն սկսել ենք ուրբաթ օրը: Ուրբաթ օրը մենք պատրաստեցինք ԴՆԹ մատրիցա, որը նոր պատվաստանյութի մշակման գործընթացի առաջին մասն է: Մենք արդեն բազմիցս հայտարարել ենք, որ մենք կարող ենք պատվաստանյութը ստանալ 100 օրից պակաս ժամանակում», – ասել է Բուրլան։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, արտակարգ խորհրդակցությունից հետո, որոշել էր Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը դասակարգել որպես մտահոգություն առաջացնող: Նոր շտամը՝ B.1.1.529, ԱՀԿ-ն անվանել է հունարեն օմիկրոն տառով: