Հայաստանում ևս Pegasus լրտեսական ծրագրով գաղտնալսումներ են իրականացվում․ Apple-ը հաստատել է

Ամերիկյան Apple ընկերությունը դատական հայց է ներկայացրել իսրայելական տեխնոլոգիական NSO Group-ի և դրա ղեկավար ընկերության դեմ:

Ինչպես ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, Apple ընկերությունը ցանկանում է պատասխանատվության կանչել NSO Group-ին իր օգտատերերին թիրախավորելու և հետևելու համար, որն իրականացվում է ընկերության Pegasus լրտեսական ծրագրի միջոցով:

Հայտնի է, որ այդ լրտեսական ծրագրից տուժածների թվում առնվազն երկու հայ օգտատեր կա, որոնց հետ Apple-ը կապ է հաստատել նամակագրության միջոցով: Այս մասին տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանը: «Այս գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված»,- գրել է Մուրադյանը։

Իր օգտատերերի իրավունքների հետագա խախտումը կանխելու նպատակով՝ Apple-ը մտադիր է մշտական արգելք սահմանել ընդդեմ NSO Group-ի, որպեսզի ընկերությունն այլևս չկարողանա օգտվել Apple-ի ծրագրային ապահովումից, ծառայություններից և սարքավորումներից:

Նշենք, որ Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը մշակվել է իսրայելական NSO Group ընկերության կողմից: Ծրագիրը առանց օգտատիրոջ տեղեկության կարող է ներբեռնվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, կարող է հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացնել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատերերի իմացության։

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Փաշինյանը 7 մլն դոլար արժողությամբ «Pegasus» համակարգ է ձեռք բերել:

Այս համակարգը կիրառում են արտաքին հետախուզության մեջ, որ գաղտնալսեն նրան, ով վտանգ է սպառնում երկրի անվտանգությանը: