Թուրքիան, Չինաստանը և Ռուսաստանը չեն հրավիրվել «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին»

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 110 երկրների և տարածքների ցուցակը, որոնք հրավիրված են դեկտեմբերին կայանալիք Ժողովրդավարության գագաթնաժողովին։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ֆորումի մասնակիցների թվում չէին։

Ցուցակից բացակայում են նաև Թուրքիան, Հունգարիան, իսկ Միջին Արևելքի երկրներից միջոցառմանը հրավիրված են եղել միայն Իսրայելն ու Իրաքը։

Բացի դրանից, ԱՄՆ-ը գագաթնաժողովին հրավիրել է Կոսովոյի և նրա անկախությունը չճանաչող Սերբիայի ներկայացուցիչներին, ինչպես նաև Թայվանին, որը Չինաստանը համարում է իր տարածքը։

Նոյեմբերի սկզբին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ դեկտեմբերյան ֆորումը, որը նախաձեռնել է ԱՄՆ-ը, նպատակ ունի բաժանել երկրները «ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական»:

«Սա պայմանավորված է նրանով, որ ամերիկացիները ցանկանում են իրենց շուրջ հնարավորինս շատ երկրներ ապահովել, ցույց տալ իրենց շարժման զանգվածային բնույթը, որը գլխավորում է Վաշինգտոնը։ Ծիծաղելի կլինի տեսնել, թե կոնկրետ ում և ինչ կարգավիճակով են հրավիրել»,- նշել է արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը։

Երկօրյա գագաթնաժողովը մեկնարկում է դեկտեմբերի 9-ին և կանցկացվի առցանց։ Բացի պետությունների ղեկավարներից, դրան կմասնակցեն բիզնեսի, հասարակական միավորումների և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողով» անցկացնելու գաղափարով հանդես է եկել դեռևս 2019 թվականին, երբ նա ԱՄՆ նախագահի թեկնածու էր։