Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից․ Անդրանիկ Քոչարյան

Սահմանազատման նախապատրաստման գործընթացն սկսվելու է զրոյական կետից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Խոսքը գնում է զրոյական կետից սկսելու մասին։ Եվ Հայաստանի Հանրապետությունը տվել է իր համաձայնությունը այդ աշխատանքերի սկզբին մասնակցելու համար»,- ասաց նա։

Էդուարդ Աղաջանյանը էլ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է սկսել համապատասխան հանձնաժողովի ձևավորման գործընթացը։ Ավելին, Երևանը, պատգամավորի խոսքով, պատրաստ է անցնել բուն աշխատանքներին։

«Սակայն միայն այն բանից հետո, երբ որոշակի տեխնիկական հարցերով համաձայնություն ձեռք բերվի։ Հայաստանը ՌԴ-ին գրավոր ծանուցում է ուղարկել ավելի վաղ Մոսկվայի հնչեցրած առաջարկները ընդունելու մասին։ Բովանդակության մասին դեռ վաղ է խոսել։ Խոսքը նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին է»,-պարզաբանեց Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ գործադիրի երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«2021թ. մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել ՌԴ-ի կողմից և երեքն էլ, ըստ էության, մեզ համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ»։ Նա նաև նշել էր, որ ԱԺ-ում իր հայտարարությունից հետո ՌԴ ՊՆ-ը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: