Տրամադրված երեք շրջանների ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը 25 տոկոսից պակաս է․ Ադրբեջանի վարչապետ
«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, որը կճանաչի երկու պետությունների տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ադրբեջանը նաև աջակցում է սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկին»,- հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Նա հավելել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կողմնակիցն է. «Դրանից կշահեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև տարածաշրջանի մյուս երկրները։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարևոր դեր է խաղում տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլև ընդհանուր ԱՊՀ-ում»։
Նա նշել է, թե Հայաստանի հետ հակամարտությունն անցյալում է` ընդգծելով, որ Բաքուն հանդես է գալիս միջազգային իրավունքի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի շուտափույթ սահմանազատման և սահմանագծման օգտին։ Ադրբեջանը երբեք չի հավակնել օտար տարածքների, սակայն իր հողից ոչ մի թիզ չի զիջի»,- ասել է Ասադովը։ Ա. Ասադովը երկրի առջև ծառացած կարևոր խնդիրներից է համարել ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը հայրենի հողեր։
«2021 թվականին Ղարաբաղում /Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում- խմբ./ վերականգնողական աշխատանքների վրա 1.3 միլիարդ դոլարի պետական միջոցներ են ծախսվել: 2022 թվականին այդ նպատակների համար պետբյուջեում նախատեսված է նույնքան գումար»,- ասել է նա։ Իսկ վերականգնմանը խոչընդոտող հիմնական խնդիրներից մեկը, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ականապատ դաշտերն են. «Այսօրվա դրությամբ ականազերծվել է 20 հազար հեկտար տարածք։ Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված երեք շրջանների ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը 25 տոկոսից պակաս է։ Մինչ օրս ականապատ դաշտերում պայթել է Ադրբեջանի 167 քաղաքացի, որոնցից ավելի քան 30-ը մահացել են»։