ՌԴ վարչապետը ԱՊՀ երկրներին կոչ է արել ավելի արագ ստորագրման պատրաստել ազատ առևտրի համաձայնագիրը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ԱՊՀ երկրներին կոչ է արել ավելի արագ ստորագրման պատրաստել ծառայությունների ազատ առևտրի մասին համաձայնագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Տնտեսական փոխգործակցության էլ ավելի մեծ հնարավորություններ կտա ծառայությունների ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը, դրանց բաժին է ընկնում Համագործակցության երկրների համախառն ներքին արդյունքի ավելի քան կեսը»,- ասել է ՌԴ վարչապետը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստում։

Միշուստինի խոսքով՝ «այս տարի հաջողվել է էապես առաջ ընթանալ այդ կարևոր փաստաթղթի համաձայնեցման հարցում»։ «Անհրաժեշտ է ավարտել բանակցային գործընթացը և պատրաստվել ստորագրմանը»,- համոզված է նա։

Միշուստինը նշել է, որ ԱՊՀ երկրներին 2021թ. առաջին կիսամյակում հաջողվել է էապես ավելացնել ապրանքաշրջանառությունը։ «Համավարակը լուրջ փորձություն էր մեր պետությունների և ողջ աշխարհի համար, այն գործնական ակտիվության նվազման պատճառ հանդիսացավ»,- փաստել է ՌԴ վարչապետը։ Սակայն, նրա խոսքով, Համագործակցության երկրների տնտեսությունները աստիճանաբար վերականգնվում են։

«Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում փոխադարձ առևտուրը ավելացել է մոտ 27 տոկոսով, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը՝ ավելի քան մեկ քառորդով, համախառն ներքին արդյունքի ծավալը ընդհանուր առմամբ Համագործակցության երկրներում ավելացել է գրեթե 4,5 տոկոսով»,- նշել է ՌԴ վարչապետը։

Նրա տվյալներով՝ ավելանում են բեռնափոխադրումները, արդյունաբերական արտադրանքի արտադրությունը։ «Նման արդյունքների հաջողվել է հասնել այդ թվում շնորհիվ օպերատիվ միջոցների, որոնք մենք կիրառել ենք ապրանքների միասնական շուկայի կայունության ապահովման համար»,- նշել է Միշուստինը։