Ռուսաստանի և Իրանի ԱԽ քարտուղարները հանդիպել են

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ քննարկել է անվտանգության ոլորտում ռուս-իրանական համագործակցության հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը:

«Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հանդիպում է ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Քննարկվել են անվտանգության ոլորտում ռուս-իրանական համագործակցության հարցերը»,-ասել է նա:

Հանդիպումն անցել է «Աֆղանստանում տարածաշրջանային անվտանգության շուրջ Դելիի երկխոսության» շրջանակներում, որը տեղի է ունեցել Նյու Դելիում: Ավելի վաղ Նյու Դելիում ազգային անվտանգության գծով խորհրդականները քննարկել են Աֆղանստանի իրադրությունը: Հանդիպմանը մասնակցել են Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: