Ալիևը դժգոհել է՝ Երևանն անպատասխան է թողել իր առաջարկները

«Հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մի շարք առաջարկներով է հանդես եկել, սակայն այս առաջարկներին Երևանից դեռ պատասխան չի ստացել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Աշխարհը COVID-19-ից հետո» 8-րդ գլոբալ ֆորումում։ Այս մասին գրել է Interfax.az-ը։

Ալիևը հայտարարել է․ «Ադրբեջանը մի շարք առաջարկներ է արել Հայաստանին՝ սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, քանի որ մենք մտադիր ենք խոսել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին, բայց այս առաջարկը մինչ այժմ մնացել է անպատասխան»։

Ալիևը կրկնել է իր սիրած արտահայտությունը, թե «հակամարտությունը լուծված է»։

Ալիևն ասել է, թե Ադրբեջանը նաև առաջարկել է սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց՝ «երկու երկրների տարածքային ամբողջականությունն ապահովելու համար»։

«Այս ամենը համապատասխանում է միջազգային նորմերին, սակայն, ցավոք, այդ հարցը դեռ լուծված չէ», – ասել է Ալիևը։

Նրա խոսքով, Ադրբեջանը «առավելագույն կառուցողականություն է ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում», ու «պետք է նայել ապագային և պատրաստ լինել լայնածավալ համագործակցության», «իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի Հայաստանի դիրքորոշումից»։

«Մեր դիրքորոշումը միանշանակ պարզ է. Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցություններ սկսել և խաղաղ համաձայնագիր ստորագրել։ Մենք ուզում ենք շրջել այս էջը և սահմանել սահմանները, բայց, ինչպես տեսնում եք, Հայաստանի կողմից արձագանք չկա։ Կարելի է ասել, որ մի ամբողջ տարի (ռազմական գործողությունների ավարտից հետո) նրանք լռում են։ Կարծում եմ, որ նրանք չեն կարողանա դիմակայել Ադրբեջանի կառուցողական դիրքորոշմանը։ Եթե երկար տարիներ, երբ բանակցություններ էին ընթանում, նրանք մեզ լսեին և իրենց նորմալ մարդկանց պես պահեին, այժմ այս ամենը տեղի չէր ունենա»,- շարունակել է բարբաջել թաթար մարդասպանը։