Ադրբեջանը դեռևս չի վերադարձրել իր մոտ պատանդառության մեջ գտնվող բոլոր գերիներին․ Արարատ Միրզոյան

Մեզ համար շարունակում է առաջնային խնդիր մնալ հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ վերադարձի հարցը: Կրակի դադարեցումից հետո Հայաստան են վերադարձել 100-ից ավելի գերիներ:

Այդուհանդերձ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիաների և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ Ադրբեջանը դեռևս չի վերադարձրել իր մոտ պատանդառության մեջ գտնվող բոլոր գերիներին: «Nouvelles d’Arménie» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում են հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ ընթացող բանակցությունները։

«ՀՀ-ն հետևողական աշխատանք է տանում մեր հայրենակիցների շուտափույթ հայրենադարձման ուղղությամբ, ինչպես նաև բոլոր ձևաչափերը և առիթներն օգտագործում է միջազգային ամբիոններում հարցը բարձրաձայնելու և առաջ մղելու ուղղությամբ: Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև մի շարք երկրների խորհրդարաններ ընդունել են բանաձևեր՝ կոչ անելով վերադարձնել բոլոր հայ գերիներին, իսկ բազմաթիվ պետությունների ղեկավարներ, բարձրաստիճան հոգևորականներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, խորհրդարանականներ տասնյակ իրավապաշտպաններ և իրավապաշտպան կազմակերպություններ (Human Rights Watch, Freedom House) բարձրաձայնել են խնդիրը։

Հայկական կողմը բարձրացրել է ռազմագերիների և այլ պահվող անձանց խնդիրը նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակներում։ Նշեմ, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս իրավական այս գործընթացին »,-ասել է նա։