Անգնահատելի է պատերազմի ամբողջ ընթացքում կառույցի կատարած աշխատանքը․ Արցախի ՄԻՊ-ը՝ ԱԻՊԾ-ին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Շնորհավորում եմ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ։

Անգնահատելի է պատերազմի ամբողջ ընթացքում կառույցի կատարած աշխատանքը, որը համակարգի աշխատակիցներն իրականացրել են մեծ պատասխանատվությամբ, արժանապատվորեն և բարձր արհեստավարժությամբ՝ տագնապի խլացնող ձայնի և հրթիռակոծության ներքո՝ առանց խուճապի մատնվելու ու վարանելու, սնունդ ու անհրաժեշտ պարեն, դեղորայք ու այլ պարագաներ մատակարարելով ապաստարաններ, մեկուսացնելով հրթիռակոծությունից այրվող օբյեկտները, փլատակներից հանելով և բուժհաստատություններ տեղափոխելով վիրավորներին։

Անուրանալի է նաև համակարգի աշխատակիցների ամենօրյա ջանքն ու նվիրվածությունը Արցախի օկուպացված տարածքներում մեր զոհված հայրենակիցների աճյունների որոնման, տարբեր համայնքներում չպայթած զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Այս կարևոր առիթով ևս մեկ անգամ հայտնում եմ բոլորիս երախտագիտությունը ցուցաբերած անձնուրաց նվիրվածության, խիզախության և մարդասիրության համար։

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի»։