Արմեն Սարգսյանի այցը Սաուդյան Արաբիա, կարող է ազդեցիկ մեկնարկ հանդիսանալ բազմակողմանի հարաբերությունների զարգացման համար․ Արաբագետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աննախադեպ այցը Սաուդյան Արաբիա(ՍԱ) կարող է բավականաչափ ազդեցիկ մեկնարկ հանդիսանալ Մերձավոր Արևելքի, «արաբամուսուլմանական աշխարհի» այս առանցքային դերակատարի հետ բազմակողմանի հարաբերությունների հաստատման և զարգացման համար։ Այս ուղղությունը բավականաչափ կարևոր է ինչպես Երևան-ալ-Ռիադ երկկողմ հարաբերությունների, այնպես էլ վերոնշյալ տարածաշրջանային հարթություններում Հայաստանի դիրքերի բարելավման տեսանկյունից։

Ներկա ժամանակահատվածում այս ուղեգծի հաջողման համար առկա են առնվազն մի քանի բարենպաստ նախադրյալներ։

  1. Սաուդյան Արաբիայի դրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։
  2. Նախագահ Սարգսյանի բարեկամական հարաբերություններն այդ երկրի ամենաազդեցիկ պաշտոնյայի՝ թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի հետ։
  3. ՀՀ և ՍԱ-ի մի շարք դաշնակից-գաղափարակից երկրների միջև (ԱՄԷ, Եգիպտոս, Հորդանան) Հայաստանի բավականաչափ բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը։
  4. Սաուդյան Արաբիա-Թուրքիա մրցակցության համատեքստում 44-օրյա պատերազմից հետո արցախյան հիմնախնդրի հետ կապված Բաքվի և Անկարայի մոտեցումներում տեղ գտած սկզբունքային փոփոխությունները։ Այս իրողությունը նախկինում զգալիորեն կաշկանդում էր Երևանի հետ հարաբերություններ հաստատելու Էր-Ռիադի հնարավորությունները։
  5. Հետպատերազմյան ժամանակահատվածում նաև կովկասյան տարածաշրջանում թյուրքական գործոնի ազդեցության աճը չեզոքացնելու տեսանկյունից նաև Սաուդյան Արաբիայի համար բավականաչափ կարևորվում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությունը»։

 

Արաբագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։