Ինչքան շատ բիոմետրիկ անձնագիր պատվիրի պետությունը, այնքան մրցույթի մասնակիցը ցածր գին կառաջարկի․ Բիչախչյան

Ոստիկանության անձնագրային վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը գրում է.

«Նախ, անձնագիրը նույնպես ապրանք է, ունի գին: Ինչքան շատ բիոմետրիկ անձնագիր պատվիրի պետությունը, այնքան մրցույթի մասնակիցը ցածր գին կառաջարկի: Գնագոյացման վրա ազդում են մի քանի գործոններ, բայց ավելի շատ երկուսը, պատվիրվող քանակ և ծառայության մատուցման ժամկետ: Բնականաբար հին նմուշի անձնագրի շրջանառությունը խանգարում է բիոմետրիկի հետագա պատվիրվող քանակին: Ինչ քայլեր ձեռնարկել:

. Առավել բաց, հրապարակային խոսել հանրության հետ, լսել առաջարկները, ողջամիտները ընդունել,

. Նոր մրցույթով առաջարկել մաքսիմալ երկար ժամկետ բիոմետրիկի պայմանագրի համար (օրինակ, 15 տարի), այն կնպաստի անձնագրի գնի հնարավորինս իջեցմանը,

. Հայտարարել ռազմավարական մոտեցում, որ պետությունն ամեն ինչ կանի, որ հաջորդ բիոմետրիկ անձնագիրը

25.000 դրամից ցածր կլինի: Դա նաև ուղենիշ կլինի մրցույթի մասնակիցների համար:

. Որպեսզի բիոմետրիկի քանակը շատ լինի, որի հաշվին էլ գինը ցածր, կատարել օրենքում փոփոխություն, թույլատրել, որպեսզի անձը կարողանա ստանա մեկից ավել բիոմետրիկ անձնագիր: Լինում են պրակտիկայում դեպքեր, երբ կոնկրետ պետության վիզայի առկայությունը խանգարում է անձին այլ պետություն մուտք գործելուն: Կամ անձնագիրը գտնվելով դեսպանատանը,այդ պահին ցանկանում է մեկնել այլ պետություն:

. Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելուց  հետո նոր քննարկել հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետի նվազեցման հարցը: Իսկ քննարկելիս էլ հաշվի առնել, որ հյուպատոսական ծառայության կողմից ՀՀ անձնագիր տրամադրելիս հին նմուշի անձնագիրը և բիոմետրիկը նույն սակագներն ունեն, երկուսն էլ 65.000 են: Բնականաբար քաղաքացի  վճարելով 65.000 չի ցանկանա ստանա երկու տարով հին նմուշի անձնագիր,այլ նույն գնով բիոմետրիկ: Իսկ վստահ ենք, որ կարողանալու ենք նրանց տրամադրել բիոմետրիկ անձնագիր»։