Եկել ենք պահանջելու, որ ռուսներն իրենց խաղաղապահի առաքելությունը կատարեն պատշաճ կերպով․ արցախցիները ՌԴ դեսպանատան մոտ են

Արցախի տեղահանված բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիայից հետո երթով հասել են ՌԴ դեսպանատուն:

«Ցանկանում ենք, որ դեսպանատան ներկայացուցիչները ինչ-որ ձևով հանդիպում կազմակերպեն մեզ հետ: Միակ դեսպանատունը, որ ուղիղ մեկ տարի անհաղորդ է մեր բոլոր դիմումներին, դա ՌԴ դեսպանությունն է: Մենք չենք հասկանում դրա իմաստը, պիտի հանդիպում կազմակերպենք, հասկանանք, թե պատճառը որն է: Ֆրանսիայի դեսպանությունը մի անգամ մեր մյուս կազմակերպություններին ընդունել է, 2 անգամ մեր նամակները անձամբ վերցրել են, լսել են: ԱՄՆ դեսպանատան հետ մի քանի հանդիպում ենք ունեցել էլեկտրոնային կապով՝ զումով:

Հիմա ուզում ենք իմանալ ՌԴ դեսպանատան անհաղորդ լինելու պատճառը: Այստեղ ենք՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու Մարտակերտում զոհված խաղաղ բնակչի համար»,-ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության ղեկավար Լևոն Հայրյանը՝ հավելելով, որ այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ միջադեպեր են եղել Արցախում. «Դրանք բոլորն էլ տանելի են եղել, եթե գոնե դիրքերի ուղղությամբ էին կրակում, բայց էս վերջին կրակոցը, որը ուղիղ սրտին է եղել: Ես չգիտեմ՝ սրտին է եղել, թե չէ, բայց ռուսական խաղաղապահի առաքելության ուղիղ սրտին է եղել, որովհետև նույնիսկ ասում են՝ խաղաղապահը տրակտորիստի կողքը նստած է եղել: Իմ գլուխը ոչ մի կերպ չի մտնում, որ ՌԴ-ի պես հզոր պետությունը չի կարող զսպել Ադրբեջանին: Մանավանդ, որ վերջին տարվա ընթացքում անընդհատ շռայլ նվերներ է անում քաղաքականության բնագավառում, ամեն անհգամ ամեն ինչու մեղադրելով հայկական իրականությանը, արդարացնելով Ադրբեջանին, տալով խոստումներ, հայտարարելով, որ նրանք լավ բարեկամներ են: Եկել ենք պահանջելու, որ ռուսներն իրենց խաղաղապահի առաքելությունը կատարեն պատշաճ կերպով: Մենք դա չենք տեսնում: Այսօր արցախցին վախենում է իր անասունի հետևից գնա, վախենում է դուրս գա, և դա ուղեկցվում է թուրքերի լկտի պահվածքով»,-ասաց ՀԿ ղեկավարը:

Հադրութի մեկ այլ բնակիչ էլ նշեց. «Ռուսաստանը պետք է պահանջի, որ Ադրբեջանի զորքերը առնվազն 3-5 կմ հայկական բնակավայրերից հեռացվեն: Պետք է այնպիսի բուֆերային գոտի սարքեն, որ դիպուկհարը չկարողանա կրակել ու վնասել խաղաղ բնակչին»: