Եթե անձը հոկտեմբերի 1-ի համար թեստ է հանձնել, թող մի հատ էլ հանձնի, ի՞նչն է խանգարում․ փոխնախարար

Եթե անձը հոկտեմբերի 1-ի համար թեստ հանձնել է, թող մի հատ էլ հանձնի, ի՞նչն է խանգարում: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե նախօրեին հայտարարվեց, որ գործատուները չպատվաստված աշխատողներից թեստեր պահանջելու են հոկտեմբերի 14-ից հետո, մինչդեռ շատերն արդեն թեստավորվել են:

Լրագրողը հիշեցրեց, ու մարդիկ թեստավորման համար արդեն 7-8 հազար դրամ մուծել են, և հիմա ստիպված են լինելու կրկին հանձնել։ Փոխնախարարն ասաց. «Կարող է լինել նաև 15-20 հազար: Իհարկե, երևի մեկնաբանության թյուրըմբռնում է եղել: Մենք չենք կարող մեկնաբանել առողջապահության նախարարի որոշումները: Աշխատողների և գործատուների մասով որևէ բողոք չի եկել մեզ: Եթե լինեն բողոքներ, դրա համար կա առանձին կառույց՝ տեսչական մարմին»:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության պահանջի համաձայն՝ հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեին պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ՝ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք, իսկ հակացուցումների դեպքում՝ տեղեկանք։ Իսկ երեկ տեղեկատվություն տարածվեց, որ թեստերը պահանջելու են հոկտեմբերի 14-ից: