Ղարաբաղյան երրորդ պատերազմի հետևանքով 38 հազար 154 քաղաքացի զրկվել է բնակավայրից և անշարժ գույքից․ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ

Ղարաբաղյան երրորդ պատերազմի ընթացքում Արցախի 742 զինծառայող է զոհվել, Արցախի քաղաքացիություն ունեցող 45 զինվոր համարվում է անհայտ կորած: Սպանվել է 80 քաղաքացի։ Եվս 38-ը գերության մեջ է: ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Նա նշեց, որ պատերազմի հետևանքով կա 42 հազար տեղահանված, որից 38 հազար154 քաղաքացի զրկվել է բնակավայրից և անշարժ գույքից: Տեղահանվածներից 15 հազարը գտնվում է Ստեփանակերտում, ևս 5 հազարը՝ Արցախի շրջաններում: Կնքվել է վարձակալության 3 հազար պայմանագիր, 1960-ը բնակվում է հյուրանոցներում:

«Նախատեսվում է մինչև տարեվերջ Ստեփանակերտում կառուցել 300 բնակարան` տեղահանվածներին տեղավորելու համար, նաև շրջաններում չբնակեցված տներն են ներառվում այդ ծրագրում»,- ասաց Ս. Ղազարյանը:

Նա տեղեկացրեց, որ պատերազմի հետևանքով 192 բնակավայր՝ 185 գյուղ և 5 քաղաք, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Արցախի Հանրապետությունն այս պահին ունի բնակֆոնդի ավելացման սուր կարիք, որոշ ծրագրեր արդեն իսկ մեկնարկել են»,- ասաց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչը:

Ս. Ղազարյանը նշեց, որ պատերազմի հետևանքով մեծ վնասներ են կրել Արցախի Հանրապետության ենթակառուցվածքները, գործող 36 ՀԷԿ-երից մնացել է 6-ը: Լուրջ խնդիրներ կան հեռահաղորդակցության ոլորտում, նախնական վնասը կազմում է ավելի քան 42 միլիոն դրամ: Ջրամատակարարման համակարգը նույնպես խիստ վնասվել է:

Պատերազմի հետևանքով տուժել է 1226 տնտեսվարող սուբյեկտ: Գյուղատնտեսական նշանակության վարելահողերի 75 տոկոսն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Նա ասաց, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հայկական պատմամշակութային ժառանգությունը լուրջ վտանգի տակ է. վտանգված է 2000 հուշարձան՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 523 խաչքար: Արցախի կորսված տարածքներում են մնացել 127 դպրոցական գրադարան, 12 թանգարան ավելի քան 20 հազար նմուշներով:

«Նոյեմբերի 9-ից հետո ևս արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դեպքեր»,- նշեց Ս. Ղազարյանը:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հարցին, թե ինչո՞ւ նախքան, օրինակ, Հադրութի, Շուշիի ընկնելը, թանգարաններից նմուշները չեն հանվել, Ս. Ղազարյանը պատասխանեց. «Այս հարցն ավելի շատ համապատասխան քննչական մարմինների գործառույթն է, պետք է հասկանալ՝ արդյոք եղել է հնարավորություն թանգարաններից նմուշները տեղափոխելու համար: Հույս ունեմ՝ այս մասով պատասխանը կտրվի, ինչքանով տեղյակ եմ՝ քննությունն ընթանում է»:

Ս. Ղազարյանի կողմից ներկայացված տվյալների համաձայն, տեղահանված և ՀՀ-ում ժամանակավորապես բնակվող արցախցիների թիվը կազմում է 20 հազար 717 մարդ կամ 5343 ընտանիք, 30 տոկոսը բնակվում է Երևանում, 70 տոկոսը՝ ՀՀ մարզերում: