Պատերազմն իր ռազմական բաղադրիչով շարունակում է ակտուալ մնալ մեր տարածաշրջանում․ Աբրահամ Գասպարյան

«Պատերազմն իր ռազմական բաղադրիչով շարունակում է ակտուալ մնալ մեր տարածաշրջանում, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են մնալ ՀՀ տարածքում և նրա ռազմատենչ հռետորաբանությունը չի դադարում հայկական երկու հանրապետությունների հասցեին»,- «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի գրասենյակում տեղի ունեցած «Անավարտ պատերազմ» խորագրով կլոր սեղանի մեկնարկին հայտնեց հիմնադիր Աբրահամ Գասպարյանը:

«Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում  է զբաղեցնել ՀՀ ինքնիշխան տարածքը, ռազմատենչ հռետորաբանությունը և սպառնալիքները չեն դադարում հայկական զույգ պետությունների հասցեին: Երկրորդ գլխավոր խնդիրն այն է, որ քարոզչական դաշտում ՀՀ գործող իշխանությունը չի կարողանում պատշաճ ուղերձներով պատասխանել այն ռազմաշունչ հռետորաբանությանը, որը գալիս է Բաքվից և Անկարայից»,-ասաց նա:

Գասպարյանի խոսքով, տարածաշրջանում անվտանգային լուրջ շարժեր են տեղի ունենում՝ Իրանի դեմ պատերազմի սպառնալիքից սկսած մինչև Իրան-ԱՄՆ միջուկային համաձայնագրի վերադարձի խնդիր, ինչպես նաև՝ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատում, ու Թուրքիայի նախագահի նվաստացնող ուղերձներ՝ ուղղված Հայաստանին: