Արարատ Միրզոյանը չի մեկնել Դուշանբե՝ օդանավի անսարքության պատճառով

Օդանավի անսարքության պատճառով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Բայց նա Դուշանբե մեկնելու է, որտեղ վաղը մասնակցելու է ՀԱՊԿ կառույցների աշխատանքին։ Նախատեսված է նաև երկկողմ հանդիպում»,- ասաց Վահան Հունանյանը։

Նշենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը լուսանկար էր հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որից պարզ է դառնում, որ Հայաստանից դրան չի մասնակցել ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը։

Նախարարի մամուլի խոսնակն ասաց, որ օդանավը եղել է քաղաքացիական։ Այլ մանրամասներ Հունանյանը չի ներկայացրել։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել նախարար Կարապետյանի բացակայությունը ՀԱՊԿ նիստին։