Լիբիայում ազատ են արձակել Քադաֆիի «գաղտնիքների պահապան»-ին

Լիբիայի նախագահական խորհուրդը բանտից ազատ է արձակել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի անձնական քարտուղար Ահմեդ Ռամադանին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Մուամար Քադաֆիի անձնական քարտուղարը և տեղեկատվության բյուրոյի ղեկավարը, Լիբիայի իշխանությունների հայտարարության համաձայն, ազատ է արձակվել այլ քաղաքական բանտարկյալների հետ միասին, որոնք լիովին կրել են իրենց պատիժները կամ ճաղերի հետևում են գտնվել առանց դատարանի վճռի:

«Նախագահական խորհուրդը կշարունակի իր աշխատանքը համապարփակ ազգային հաշտեցման հասնելու շրջանակներում՝ համակարգելով մնացած բանտարկյալներին ազատ արձակելու ջանքերը, որոնց նկատմամբ ոչ մի դատական որոշում չի կայացվել»,- ասված է Լիբիայի իշխանության բարձրագույն մարմնի հայտարարության մեջ:

Ահմեդ Ռամադանը համարվում էր լիբիական Ջամահիրիայի առաջնորդի ամենամտերիմ համախոհներից մեկը։ Լիբիացի գնդապետի կողքին նա աշխատել է 1969 թվականին նրա իշխանության գալուց ի վեր և մինչև 2011 թվականին նրա ռեժիմի անկումը: