Մենք Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել գերիներին՝ առանց որևէ նախապայմանի. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ առանց պայմանների: Այս մասին նա ասել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյաին հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշվել է, որ պետք է ազատ արձակվեն այն ռազմագերիները, որոնք այդ պահին են եղել: Այժմ ադրբեջանցիները պահում են հայ զինծառայողների զգալի խմբի, որոնք այնտեղ են հայտնվել նոյեմբերի վերջին՝ հայտարարության՝ ուժի մեջ մտնելուց հետո: Այնուամենայնիվ, ՌԴ նախագահը բոլոր շփումներում, այդ թվում և Իլհամ Ալիևի հետ, այդ ազդակն ուղարկում է: Կոչ ենք անում ադրբեջանական կողմին ազատ արձակել բոլորին առանց նախապայմանների: Դա նշանակալի միջոց կլիներ այն վստահության հաստատման համար,  որի կարիքն այս պահին կա: Դա կարևոր հումանիտար քայլ կլիներ»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով Հայաստանի կողմից որպես պատասխան քայլ ականապատման քարտեզների տրամադրումը: