Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանը

Այսօր՝ օգոստոսի 26-ին, կյանքի 97-րդ տարում վախճանվել է հայազգի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանը։

Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 25-ին, Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական (1952) և ստեղծագործական (1967) բաժիններում։

1952-1954 թվականներին եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը։ 1955-1961 թվականներին ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը։ 1961-1964 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը, 1964-1966   թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի տնօրենը։ 1966 թվականին ստեղծել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և մինչև 1972 թվականը եղել է տնօրենը։ 1972-1975 թվականներին եղել է Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, 1981-1986 թվականներին՝ Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։

ՀԽՍՀ արվեստի գործիչ Վլադիլեն Բալյանը 2002 թվականի արժանացել է Մովսես Խորենացու մեդալի, 2011-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման։

Տաղանդավոր երաժիշտը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, որոնցից են, օրինակ, «Սերս գաղտնի թող մնա», «Գյումրի-Լենինական» և այլ հանրահայտ երգեր։

Վլադիլեն Բալյանը Հայաստանի կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի հայերի միությունների անդամ էր, 2001 թվականից՝ աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ, ինչպես նաև «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահն էր։