ԱՄԷ-ն պաշտոնապես հաստատել է, որ Աֆղանստանի նախագահն ընտանիքի հետ այնտեղ է

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը չորեքշաբթի հայտարարել է, որ Էմիրությունները իր տարածքում ընդունել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին և նրա ընտանիքին, որոնք թալիբների կողմից երկրի գրավման ֆոնին լքել են Աֆղանստանը, գրում է ng.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղանին երկրից փախչելիս գանձապետարանից 169 մլն դոլար է գողացել: Այս մասին հայտնել է Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Մուհամմադ Զոհիր Ագբարը Դուշանբեում կայացած ասուլիսի ժամանակ:

Վերջինս Ղանիի փախուստն անվանել է «պետության և ժողովրդի դավաճանություն» և հայտարարել է, որ նա 169 մլն դոլար է գողացել պետական գանձարանից:

Միևնույն ժամանակ դեսպանը հայտարարել է, որ երկրի փոխնախագահ Ամրուլա Սալեհին է ճանաչում որպես երկրի ղեկավար:

«Երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահի բացակայության, փախուստի կամ մահվան դեպքում առաջին տեղակալը պետք է կատարի նրա պարտականությունները, այդ իսկ պատճառով Ամուրլա Սալեհն է հիմա երկրի ղեկավարը»,- ասել է դեսպանը:

Վերջինս հավելել է, որ դիմելու է Ինտերպոլին՝ Ղանիին ձերբակալելու պահանջով, որպեսզի նրան միջազգային դատարան բերեն:

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ փոխնախագահ Սալեհը մնացել է երկրում և ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները՝ սահմանադրության համաձայն: Հաղորդվում է, որ Սալեհի ուժերը թալիբներից հետ են նվաճել Քաբուլից հյուսիս գտնվող Չարիքար շրջանը: