Ֆրանսիան Լիբանանին 100 մլն եվրո կհատկացնի

Ֆրանսիան Լիբանանին մոտ ժամանակներս 100 մլն դոլարի օգնություն կտրամադրի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ բացելով լիբանանյան բնակչության աջակցության ապահովմանն ուղղված առցանց երրորդ միջազգային խորհրդաժողովը: Նա ելույթ է ունեցել Բրեգանսոնում (Ֆրանսիայի հարավ) գտնվող իր ամառային նստավայրից, հեռարձակումը Ելիսեյան պալատն անցկացրել Է Twitter-ի իր էջում:

«Առաջիկա ամիսներին Ֆրանսիան Լիբանանին 100 մլն եվրոյի ֆինանսական օգնություն կհատկացնի», – ասել է Ֆրանսիայի նախագահը: Նա հստակեցրել է, որ այդ միջոցներն ուղղվելու են կրթության համակարգի աջակցությանը, բնակչությանը պարենով ապահովելուն: Ֆրանսիան նաեւ կշարունակի աջակցել Բեյրութի նավահանգստի վերականգնմանը, որը ավերվել էր մեկ տարի առաջ՝ 2020 թվականի օգոստոսի 4-ին:

Բացի այդ, Լիբանանին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի 500 հազար չափաբաժին կհատկացվի։ Այդ մատակարարումները կկատարվեն «առաջիկա շաբաթներին՝ մինչեւ օգոստոսի վերջը», հավելել Է Մակրոնը: Նա ընդգծել է, որ բնակչությանը տրամադրվող օգնությունը լինելու է խիստ հսկողության տակ։

Ինչպես հիշեցրել Է նախագահը, 2020 թվականին Ֆրանսիան 85 մլն եվրո օգնություն է ապահովել Լիբանանին, այն ուղղված է եղել բնակչության սննդի եւ ուսուցման ապահովմանը, Բեյրութի եւ հենց քաղաքի նավահանգստի վերականգնմանը: