Զախարովան ասել է՝ ինչը կնպաստի հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազմանը

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության նվազեցման համար հարկավոր է հրաժարվել առճակատային հռետորաբանությունից և անհապաղ մեկնարկել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեր դիրքորոշումը լավ հայտնի է՝ սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Չափազանց կարևոր է հրաժարվել առճակատային հռետորաբանությունից, ուժային մեթոդներից: Անհրաժեշտ է համակարգված, լայնածավալ աշխատանք իրականացնել փոխադարձաբար ընդունելի փոխզիջումներ գտնելու համար: Մենք սրան ենք տրամադրում երկու կողմերին: Վստահ ենք, որ կայուն ապաէսկալացիա կարող է ապահովել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, ինչպես նաև հետագա սահմանագծման աշխատանքների անհապաղ մեկնարկը: Մենք կարող ենք այդ ջանքերին աջակցել մեր ձեռքի տակ եղած քարտեզագրական տեղեկություններով: Ռուսական կողմը նախապատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումները կառուցողական հուն տեղափոխել: Տվյալ պահին այդ թեմայով շփումները շարունակվում են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանապահ ծառայությունների մակարդակով», – ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Զախարովան նաև նշել է, որ տարածաշրջանային կայունության թեման ուշադրության կենտրոնում է եղել օրերս Ռուսաստանի նախագահի և ՀՀ վարչապետի պաշտոնակատարի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպումների ընթացքում: