Արարատ Միրզոյանը ցանկանում է «թռնել» թիմից. Իսկ Վաղարշակ Հարությունյանի հարցում պլանները փոխվել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ինքնաբացարկի դիմում ներկայացրեց նաև ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը, ում «Քաղպայմանագիրն» այս անգամ «մերժեց» և նրան նորից չառաջադրեց ԱԺ նախագահի պաշտոնում, չնայած շատերը համարում են, որ նա չեզոք է իրեն պահել և կարողացել է բավականին հաջող կառավարել խորհրդարանի աշխատանքը այս երեք բարդ տարիներին։

Միրզոյանի թիմակիցները երեկ էլ անտեղյակ էին նրա պլաններից, բայց Միրզոյանի հետ վերջին շփումներից ստացած տպավորություններից հասկացել են, որ նա ցանկանում է «թռնել» թիմից և որևէ պաշտոնում որևէ չափով այլևս պատասխանատվություն ստանձնելու հակված չէ, չնայած նրան ավելի ու ավելի եռանդուն են համոզում համաձայնել արտգործնախարարի պաշտոնին։

Հաջորդ անակնկալ ինքնաբացարկն «Իմ քայլի» քարտուղար Հակոբ Սիմիդյանինն էր, ով 3 տարի «Իմ քայլի» ժանդարմի դերն էր խաղում, և նաև նրա ջանքերով էր խմբակցությունը մնում Փաշինյանի կողքին։ Նա էլ առաջիկայում նշանակվելու է նոր ձևավորվելիք ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալի պաշտոնում։

Ինչ վերաբերում է Վաղարշակ Հարությունյանին, ում տեսնում էին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, ապա պլանները փոխվել են, և նրա ագրեմանն ուղարկվել է Ռուսաստանի իշխանություններին՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի թեկնածուի համար։

Ի դեպ, արդարադատության նախարարի թեկնածուն էլ է հայտնի՝ երեկ շրջանառության մեջ դրվեց նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի անունը, ում «մանկության երազանքն» է արդարադատության նախարար դառնալը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում