Արմեն Չարչյանը կվերցնի իր պատգամավորական մանդատը. Արամ Վարդևանյան

Բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը հրապարակվելուց հետո պաշտպան Արամ Վարդևանյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքի անդամ Չարչյանը վերցնելու է պատգամավորական իր մանդատը:
Նա նաև ափսոսանք հայտնեց, որ արդարադատության հասնելը երկար տևեց՝ մեկ ամիս, որի ընթացքում անարդարության վկան եղան: Վարդևանյանի համոզմամբ՝ պրոֆեսորը երբեք չպետք է կալանավորված լիներ, բայց ի վերջո արդարությունը միշտ հաղթում է:

Պաշտպանը ներկայացրեց իրադարձությունների զարգացումները՝ նկատելով, որ դատավոր Մելիքսեթյանն առաջինն էր, որ կալանավորումը որպես խափանման միջոց բավարարեց։

«Տիկին Մելիքսեթյանի վերաբերյալ եկեք ես գնահատական չտամ, ուղղակի հարցրեք ցանկացած երկրորդ իրավաբանին կամ փաստաբանին, թե ինչ կարծիք ունեն տիկին Մելիքսեթյանի արդարադատության որակի վերաբերյալ: Երկրորդը, որ այս կալանավորումը ամեն կերպ փորձեց պահպանել՝ Լուսինե Աբգարյանն էր: Նրա վերաբերյալ էլ ևս հարցրեք, թե քանի ծանր գործով է նա կարողացել իրականում դատավորին հարիր արդարադատություն իրականացնել, և հետո հարցրեք պարոն Միսակյանի՝ որպես դատավորի  արդարադատություն իրականացնելու մասին և ամեն պատասխան կգտնեք»,- այս պնդումն արեց պաշտպան Արամ Վարդևանյանը:

Արմեն Չարչյանը ազատ կարձակվի 15 մլն դրամ գրավի դիմաց: