Հայաստան-Ադրբեջան սահմանին շարունակվում են մտահոգություն առաջացնող իրադարձությունները. Տոյվո Կլաար

Հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին շարունակվում են լուրջ մտահոգություն առաջացնող իրադարձությունները: Այս մասին «Թվիթերում» հայտնել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին լուրջ մտահոգություն առաջացնող իրադարձությունները շարունակվում են: Կրկնում ենք զսպվածության և ուժերն իրարից հեռացնելու, սահմանային խնդիրները կառուցողական կերպով քննարկելու մեր կոչը, քանի դեռ նոր զոհեր չեն գրանցվել», – հավելել է նա՝ շեշտելով, որ «ԵՄ-ը պատրաստ է աջակցել կողմերին»:

Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում իրավիճակը արդեն մի քանի օր շարունակում է լարված մնալ:

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և հուլիսի 20-ին՝ մինչ ժամը 02:00-ն, ադրբեջանական զինված ուժերը, առանց ականանետերի կիրառման, շարունակել են կրակել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվել է Հայաստանի Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Հայաստանի զինված ուժերը նշել են, որ շփման գծում փոփոխություններ թույլ չեն տա: