ՄԻՊ-ի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այցեր են իրականացրել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, Լոռու մարզի Ոստիկանության բաժիններ, ձերբակալվածների պահման վայրեր և հոգեբուժարան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, Պաշտպանի որոշմամբ, երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Լոռու մարզի ազատությունից զրկման վայրեր:

Մասնավորապես, մշտադիտարկումներ են իրականացվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի և Տաշիրի, ինչպես նաև Վանաձոր քաղաքի Տարոնի և Բազումի բաժիններում և ձերբակալվածների պահման վայրերում:

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակը, բժշկական օգնությանն առնչվող խնդիրները, բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, դեղերի և սննդամթերքի ժամկետներին համապատասխանությունը, աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն:

Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց և հաստատությունների աշխատակիցների հետ:

Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների ղեկավարների հետ: Ամփոփված վերլուծական տեղեկանքները՝ արձանագրված խնդիրներով և դրանց լուծման առաջարկներով, կուղարկվեն իրավասու պետական մարմիններին»: