Արմեն Չարչյանը երեկ վիրահատվել է

«Պրոֆեսոր Արմեն Չարչյանը երեկ ենթարկվել է բժշկական միջամտության»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, հայտնի վնասվածքաբան Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նա մանրամասնեց, որ բժիշկը վիրահատվել է, անեսթեզիայի միջոցով իրականացվել է սրտի ստենդների վիճակի ուսումնասիրություն։

«Նրա առողջական վիճակի նման զարգացումները հաջորդել են հունիսի 23-ին կայացրած կալանավորման որոշմանը։ Ես իսկապես հույս ունեմ, որ որոշակի սահմաններ կան, որոնք իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի»,-ասաց նա։

Վարդևանյանն ընդգծեց, որ Չարչյանի դեմ հարուցված քրեական գործով խնդիրներն ակնհայտ են, նրա նկատմամբ քրեական հետապնդումն անխուսափելիորեն դադարեցվելու է։

«ՀՔԾ-ի մամուլի խոսնակի զեկուցագրի հիման վրա քրեական գործ է հարուցվել, դրան էլ գումարած, օգտագործել են անանուն աղբյուր, Թելեգրամի Բաղրամյան 26 ալիքում հրապարակված ձայնագրությունը, որը հետագայում պարզվեց՝ մոնտաժված է»,-ասաց նա։