Արցախի ՄԻՊ-ը այցելել է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ հայտարարած քաղաքացիներին

Երեկ երեկոյան և այսօր կեսօրին Մարդու իրավունքների պաշպան Գեղամ Ստեփանյանը այցելել է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ հայտարարած քաղաքացիներ Դավիթ Ավանեսյանին և Մերի Դավթյանին։ Այս մասին հատնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը:

Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով և տեղեկացել, որ առավոտյան նրանց են այցելել բժիշկները: Մ. Դավթյանն ու Դ. Ավանեսյանը հավաստիացրել են, որ առողջական խնդիրներ չունեն և ինքնազգացողության վատթարացման նշաններ չկան:

Քննարկվել են արևահարումից խուսափելու համար հացադուլի անցկացման վայրը փոխելու նպատակահարմարության հարցը, ինչպես նաև ներկայացված պահանջների շուրջ իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունները։

Ձեռք է բերվել պարբերաբար հանդիպելու և անհրաժեշտության դեպքում նրանց կողմից ներկայացվող խնդիրները իշխանության մարմիններին մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ փոխանցելու պայմանավորվածություն: