Ես քվեարկել եմ հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հասարակության հաշտեցման. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ, և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել. ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ընտրության էր եկել թոռնիկի հետ:

Հայ-վրացական հարաբերությունների, այդ հարաբերությունների զարգացման տեսլականի մասին վրացական լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ Երրորդ նախագահը հիշեցրեց.

«Աշխարհում դժվար է գտնել պետությունների այլ օրինակներ, որոնք հազարամյակներով ապրել են կողք կողքի և միմյանց հետ լրջորեն չեն պատերազմել. սա պետք է հասկանալ և զարգացնել հարաբերությունները»:

Անդրադառնալով ընտրախախտումների, ճնշումների մասին ստացվող տարբեր տեղեկություններին՝ նախագահը հայտնեց, որ ողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի վերջին օրերին ակնհայտ հրահանգավորումով լծված են իրենց դեմ բիրտ ուժ կիրառելու գործին. անհասկանալի հրավերներ իրավապահ մարմինների բաժիններ, անօրինական խուզարկություններ՝ առանց դատարանի որոշման, անօրինական ձերբակալություններ, որոնք հաստատվել են դատական ակտերով և այլն:

«Մենք առավոտից ուշադիր հետևում ենք իրադարձություններին, և կարծում եմ՝ օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարություն կանենք։ Հիմնական հայտարարությունը մենք կանենք քվեարկության ավարտից անմիջապես հետո»,- հավելեց Սերժ Սարգսյանը:

Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդրի մասին արտասահմանյան լրատվամիջոցի հարցին ի պատասխան էլ՝ Երրորդ նախագահը նշեց.

«Ըստ իս՝ ամենակարևոր խնդիրը մեզ համար՝ պառակտված հասարակությունը միացնելն է։ Պառակտված հասարակությամբ հնարավոր չէ ոչնչի հասնել՝ ո՛չ անվտանգության, և ո՛չ տնտեսական զարգացման»:

«Հայաստան» դաշինքի հետ հնարավոր համագործակցության մասին հարցին ի պատասխան էլ՝ նախագահը նկատեց, որ այդ մասին կխոսեն ընտրությունների արդյունքից հետո, ապա անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք «Ռոբերտ Քոչարյանը ներել է իրեն՝ իշխանությունը Փաշինյանին հանձնելու և 2013 թվականին երկրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար», ասաց. «Ինձ կարող է ներել միայն Աստված, ուրիշ ոչ ոք»:

Ի՞նչ ապագա է տեսնում, եթե ընտրվի  Նիկոլ Փաշինյանը՝ հարցին ի պատասխան էլ՝ Սերժ Սարգսյանը եղավ հակիրճ՝ ապագա չկա:

Մանրամասները՝ տեսանյութում