Բայդենը խոստովանել է, որ կարդացել է Պուտինի մասին ամեն ինչ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, նշել է, որ կարդացել է Պուտինի մասին կենսագրական մի քանի գիրք, ինչպես նաև ՌԴ ղեկավարի գրած շատ տեքստեր, նշում է vz.ru-ն:

«Ես նրան ասացի, որ կարդացել եմ գրեթե այն ամենը, ինչ նա գրել է, նրա ելույթները, որոնցով հանդես է եկել, կարդացել եմ նաև մի քանի լավ կենսագրական», – ասել է Բայդենը:

Իր հերթին, Պուտինը, խոսելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հեռանկարների մասին, մեջբերել էր դասական գրող Լև Տոլստոյի հայտնի արտահայտություններից մեկը` նշելով, որ «նման իրավիճակում ընտանեկան վստահություն չի կարող լինել, սակայն դրա նշույլներն առկայծել են»:

«Գիտե՞ք, Լև Տոլստոյը մի առիթով ասել է. «Կյանքում երջանկություն չկա, կան միայն դրա առկայծումներ: Գնահատեք դրանք»: Եվ հիմա ինձ էլ է թվում, որ նման իրավիճակում չի կարող լինել ինչ-որ ընտանեկան վստահություն, բայց դրա նշույլները, իմ կարծիքով, առկայծել են»,-ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ գագաթնաժողովից հետո հայտարարել էր ՌԴ ղեկավարը:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ժնևի «Լա Գրանժ» վիլլայում տեղի էր ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը բաղկացած էր նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներից և ընդհանուր առմամբ տևել է 4,5 ժամ։ Ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել բանակցություններից հետո: Այն կապված է ռազմավարական կայունության խնդիրների հետ:

«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության պայմաններում նրանք ի վիճակի են առաջընթացի հասնել համատեղ նպատակների իրականացման գործում` ռազմավարական ոլորտում կանխատեսելիություն ապահովելու, զինված բախումների ռիսկերը և միջուկային պատերազմի սպառնալիքները նվազեցնելու համար: Այսօր մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և այն երբեք չպետք է սանձազերծվի», -ասված է համատեղ հայտարարության մեջ: