Որքան էլ լսելի լինեն ճիչեր և աղաղակներ, ստույգ է, հայ հոգևորականը չի իջնելու իր վեհ դիրքից և չի խառնվելու «վայրի արջի ցեղերին». Ասողիկ աբեղա Կարապետյան

Այո, ի հեճուկս բոլոր ժամանակների խավարասեր անկիրթների՝ հայ հոգևորականը եղել է Ազգի ընտրյալներից: Այլ կերպ չէ՛ր կարող լինել, քանի որ հայ հոգևորականը կերտում է Արարիչ Աստծո ժողովրդին, ով պետք է ունենա Արարչի պատկերն ու նմանությունը: Հետևաբար, ճշմարիտ հայ հոգևորականը պետք է լինի ընտրյալ, ազնվական՝ ինչպես իր Տերն է ամենասուրբ և ամենափառ:

Եվ այսպես է լինելու ցկատարած աշխարհի, իսկ մարդկանցից և ոչ մի արարած չի՛ կարող այս կարգը սասանել. պարզապես դա տրված չէ ի վերուստ:

Հայ հոգևորականը կանգնած է բարոյական Արարատի բարձունքին և իր հզոր խոսքով, իր խոնարհ ու սուրբ գործով ընդմիշտ դեպի վեր է առաջնորդելու իր հավատավոր ժողովրդին: Որքան էլ լսելի լինեն ճիչեր և աղաղակներ, ստույգ է, հայ հոգևորականը չի իջնելու իր վեհ դիրքից և չի խառնվելու «վայրի արջի ցեղերին»:

Մենք գիտենք ով ենք, Ում ենք պատկանում և ինչ առաքելության ենք կոչված. հասկացեք, վերջապես, որ Արարիչ Աստծո օծյալ ընտրյալներս որևէ մաս ու բաժին չունենք ձեր նվաստ «առևտրի» մեջ: Եղել ենք և մնալու ենք ազգակերտ, հայրենապաշտ և աստվածասիրությամբ հաղթահարելու ենք ամեն պատնեշ, որ կփորձի կանգնել մեր հավիտենական երթի առջև:

Մնում ենք աղոթող և գործող, որ այս տասնամյակների մտքի, ոգու սովը հագեցվի, գոհացվի և հասարակության մեջ պարտադրված ցածրակարգ վիճակը վերանա. ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի