Ռուսաստանից ավելի լավ դաշնակից Հայաստանն ունենալ չի կարող․ Արթուր Վանեցյան

Հայաստանը պետք է ճիշտ ուղղակի հարաբերություններ կառուցի կարևորագույն դաշնակցի՝ Ռուսաստանի հետ։ Այս մասին Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։

«Ռուսաստանը մեր դաշնակիցն է և ավելի լավ դաշնակից Հայաստանն ունենալ չի կարող։ Պետք է լինեն ճիշտ ուղղակի հարաբերություններ։ Ռուսաստանը չի հանդուրժում սուտասաններին, մարդկանց, որոնք ուղիղ չեն խոսում հարաբերությունների և խնդիրների մասին։ Եվ Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել, դա գերտերություն է։ Եվ ես կարծում եմ, որ իշխանության գալուց հետո մենք պետք է դիտարկենք Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության, ավելի խոր ինտեգրացիոն գործընթացների հարց։ Այնպես անել, որպեսզի Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները լինեն այնպիսի մակարդակի, որպեսզի ոչ ոք չկարողանա փոխել դրանք»,- ասել է Վանեցյանը։

Վարչապետի թեկնածուն նշել է, որ արտահերթ ընտրություններին մասնակցող 26 կուսակցություններից 20-ը ակտիվ հակառուսական քարոզչություն է վարում և բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում է Ռուսաստանին։ «Որովհետև 3 տարի կապիտուլյանտը (Վանեցյանը որոշել էր չտալ Փաշինյանի անունը) փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նա ասում է, թե ամեն բան լավ է և հիանալի, թե լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ։ Իսկ իրականում մշտապես բանակցություններ է վարում ուրիշների հետ»,- ավելացրել է Վանեցյանը։

Այս առնչությամբ հիշատակվեցին վերջերս Ֆրանսիա կատարած այցը և ճոխ հայտարարությունները։ «Ֆրանսիան իսկապես շատ բան է արել Հայաստանի համար։ Բայց եկեք չմոռանանք ով է Ռուսաստանը։ Ֆրանսիան, անկասկած, մեր բարեկամն է։ Բայց եկեք բարեկամություն չանենք ինչ-որ մեկի հետ ի հաշիվ մյուսի։ Հայաստանում պետք են մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչ է պետությունը, ռազմական կարգապահությամբ, ովքեր արտաքին գործընկերների հետ կաշխատեն ազնիվ հիմունքներով»,- ասել է Վանեցյանը։

Պատասխանելով Հայաստանում ռուսերենի դերի մասին հարցին՝ վարչապետի թեկնածուն նշեց, որ ռուսական կրթություն ունի, և իր համար դա մշակույթի լեզու է։ «Կարծում եմ, որ ռուսերենի դերը Հայաստանում պետք է բարձրացվի։ Հիմա երկրում ռուսական թեքումով ընդամենը 4 դպրոց կա։ Պետք է բարձրացնել լեզվի դերը ռուս գործընկերների հետ միասին։ Մեր գլխավոր գործընկերը Ռուսաստանն ու ռուսախոս երկրներն են»,- եզրափակել է Վանեցյանը։