Զոհերի դիակների և մասունքների՝ այլ վայրերում ոչ պատշաճ պայմաններում պահելու դեպքեր ևս ունենք

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Ա․ Ավանեսյանը հունիսի 2-ին հյուրընկալվել էր Հ1 հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը և փորձել ստեղծված իրավիճակը ներկայացնել որպես մասնավոր սխալ, անփութության արդյունք, սակայն զոհվածների դիակների ոչ պատշաճ պայմաններում պահման բազմաթիվ դեպքեր կան արձանագրված։

Ա․Ավանեսյանը մասնավորապես նշում է, որ`

  1. Կան հարազատներ, որոնք հրաժարվում են ԴՆԹ անալիզ հանձնել, որպեսզի մենք ունենանք ամբողջական տվյալների բազա։
  2. Կան դեպքեր, երբ մեզ անհասկանալի պատճառներով դեռ հարազատները չեն տանում դիերը։
  3. Ունենք մոտ 50–ի չափ խորը վնասված մասունքներ, որոնք որ մի քանի անգամ կրկնելով փորձաքննությունները ցավոք սրտի չի հաջողվում դրանցից ԴՆԹ անջատել և ստանալ համապատասխան արդյունքները։
  4. Կընթանա քննություն, կպարզվեն բոլոր հանգամանքները և իրավական, օրենքի շրջանակներում բոլոր քայլերը կիրականացվեն։

Ա․ Ավանեսյանը միտումնավոր բաց է թողնում, իսկ Պ․ Ղազարյանը նրան չի հարցնում թե`

  1. Ինչու՞ են զոհվածների որոշ մասունքներ հասցվել այն վիճակի, որ հնարավոր չէ իրականացնել դրանց նույնականացումը։
  2. Ինչու՞ եք կատարել գենետիկական անալիզատորի աննպատակ գերթանկարժեք գնում, որն, ըստ էության, չի արագացրել նույնականացման գործընթացը, որովհետև խնդիրն այլ բանում է եղել։
  3. Ինչու՞ ժամանակին չեք լսել մասնագետներին և չեք գնել հետազոտվող նյութի ստացումը ավտոմատիզացնող սարքեր՝ սեկվենատորի հնարավորինս մաքսիմալ բեռնումը ապահովելու համար, չեք գնել համապատասխան ծրագրային ապահովում, որով կարող էիք գործարկել ՁԻԱՀ–ի կենտրոնի մոտ մեկ տարի պարապուրդի մատնված նույն մակնիշի սեկվենատորը՝ սեկվենավորումից ստացված զոհվածների և նրանց հարազատների տվյալների նույնականացման գործընթացն արագացնելու համար, որպեսզի այսօրվա պատկերը չունենայիք։
  4. Ամիսներ շարունակ առողջապահության նախարարությունը չկարողացա՞վ պարզել, թե ինչու՞ են հարազատները հրաժարվում տանել և հողին հանձնել իրենց զոհվածների մարմինները կամ մասունքները։ Ի՞նչ աշխատանքներ են տարվել նրանց հետ։ Տրամադրվե՞լ է արդյոք նրանց հոգեբանական աջակցություն։
  5. Ի՞նչ ներգրավվածություն է ունեցել օրինականությունից խոսող Ա․Ավանեսյանը ՁԻԱՀ–ի կենտրոնի ապօրինի լուծարման գործընթացում՝ ի պաշտոնե 2019-2020թթ․ լինելով ինֆեկցիոն հիվանդությունների ոլորտը համակարգող փոխնախարար։

Դիմում ենք Հ1 հանրային հեռուստաալիքի ղեկավարությանը՝ պահանջով, որ դադարեցնի առողջապահության ոլորտում կուտակված բազում խնդիրների միակողմանի, ուղղորդված լուսաբանումը, որն ուղղված է բացառապես առկա խնդիրների քողարկմանը և կատարված սխալների արդարացմանը, այլ ապահովի հիմնավոր տեսակետ ունեցող մասնագետների արտահայտվելու հնարավորությունը ևս հանրայինի եթերում։

Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնության բժիշկ-մասնագետները պատրաստ են խոսել վերջին տարիներին առողջապահության ոլորտում կատարված ապօրինությունների, քովիդ-19 համավարակի դեմ պայքարի տապալման, զոհվածների նույնականացման գործընթացում թույլ տրված սխալների և բազում այլ հարցերի մասին։

Սպասում ենք ձեր հրավերին։

Ստորև ներկայացվում են մի շարք հղումներ, որոնք վկայում են զոհերի դիակների և մասունքների այլ վայրերում ոչ պատշաճ պայմաններում պահելու այլ դեպքերի մասին:

https://www.pastinfo.am/hy/news/2021/01/08/fu0iq07c4/1126096

https://www.facebook.com/GorisToday/posts/4995414780531792/

https://www.aravot.am/2021/06/01/1194843/

https://youtu.be/1hWFmI_HWAQ

Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնություն