Մենք գործ ենք ունեցել ռազմի դաշտում թողած, արևի տակ մնացած դիակների հետ. դատաբժշկական փորձագետ

Արցախյան պատերազմում զոհվածների դիերի դատաբժշկական փորձաքննությունները Հայաստանում իրականացվում էին սկսած հենց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, և մինչ օրս 3500-ից ավելի դիակների և մասունքների փորձաքննություն է կատարվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանը:

«Մենք գործ չենք ունեցել թարմ դիակների հետ, մենք գործ ենք ունեցել ռազմի դաշտում թողած, արևի տակ մնացած դիակների հետ, կենդանիների կողմից հոշոտված դիակների հետ»,- նշեց մասնագետը, ավելացնելով, որ նույնիսկ թշնամուն չէր ցանկանա նման փորձաքննություններ անել:

«Մենք ունեցել ենք թարմ դիակներ միայն պատերազմի առաջին 1-2 օրերին, դրանից հետո, քանի որ մեր դիակներն արդեն գտնվում էին արդեն ոչ մեր ենթակայության տակ գտնվող հողերում, և դժվար էր այդ դիակները հետ բերել, քայքայված էին․ արև, կենդանիներ, դրանց ազդեցությամբ՝ որդեր, թրթուրներ և այլն։ Մենք ոչ մի թարմ դիակի հետ չենք առնչվել։ Բոլոր դիակները բերել են մեզ մոտ ծայրահեղ ծանր աստիճանի աուտոլիտիկ նեխման, կազմափոխման, փափուկ հյուսվածքների մեծ մասի և ներքին օրգանների բացակայության, ամբողջովին որդերի թրթուրներով պատված»,-ասաց նա, հավելելով, որ հաճախ դրանք ուղղակի մասունքներ էին, կմախքացած ոսկրեր՝ շատ քիչ քանակությամբ փափուկ հյուսվածքներով: Նման դիերի և մասունքների փորձաքննություն իրականացնելը պահանջում էր թե մասնագիտական, թե հոգեբանական ուժերի մեծ լարում:

Ամիսներ շարունակ դատաբժշկական փորձագետները տուն չէին գնում, քնում էին մանրադիտակի առջև, ցանկանալով հնարավորինս շուտ մասունքներից և դիերից նմուշներ անջատել և դրանք նույնականացնել: Դա չափազանց ծանր աշխատանք էր՝ թե ֆիզիկապես, և թե հոգեպես, միջավայրն էլ անտանելի էր, բայց մասնագետները, Արմեն Գևորգյանի խոսքով, չէին կանգնում և շարունակում էին իրենց աշխատանքը: