Սարդարապատի հերոսամարտը խորհրդանշող «Ծառ ապրողաց»-ը համալրեց «Անկախության արահետ»-ը (տեսանյութ)

Մայիսի 28-ին Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետ»-ում տեղի ունեցավ «Ծառ ապրողաց» ծառատունկ-ցերեկույթը` նվիրված Սարդարապատի հերոսամարտի 103-րդ տարեդարձին: Արահետի հիմնադրման օրից սա թվով 6-րդ միջոցառումն էր: Հայոց պատմության ամենափառավոր և հիշարժան էջերը խորհրդանշող միջոցառումը ազդարարվեց ՀՀ ԶՈՒ հոգևոր գնդերեցների օրհնության կարգով: Տեր Վանանդ քահանա Անդրեասյանն ու բոլոր ներկաները Տերունական աղոթք հնչեցրեցին առ Աստված` խնդրելով խաղաղություն և սահմանների անսասանություն Հայոց երկրի համար:

Իշխան սարկավագ Քամալյանն էլ իր հերթին մաղթեց հայրենիքի պաշտպաններին քաջություն և խիզախություն` ի դեմս ներկա գտնվող N զորամասի զինվորների: Օրվա առաքելության համատեքստում սարկավագն ընդգծեց, որ բնության պահպանությունը` նույնպես հայրենասիրության դրսևորում է և վառ օրինակ: Մանկապատանեկան կենտրոնի «Արահետ» երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար` Տատյանա Մինասյան) «Անկախության արահետ»-ում առանձնակի խորհրդավորությամբ հնչեցին Կոմիտասի «Առավոտ լուսաբեր» և «Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ» ստեղծագործությունները: Իսկ սիրված, ճանաչված ասմունքող` Գայանե Սամվելյանի մեկնությամբ «Կոչեմ ապրողաց»-ը այսօր առավել քան երբեք ընկալվեց իբրև Սևակյան մարգարեական ուղերձ և պատգամ. պատմական անցյալից` դժվարին մեր օրեր:

«Պաշտում եք արդեն մի… ծա՛ռ՝ թթենի՜ն, որ գլխատումից ո՛չ թե չորանում, այլ նորանո՜ւմ է…

-Կոչեմ ապրողա՜ց՝ նորադարձների՜ն: Մա՜րդ ենք, ո՛չ մանրէ, որ բազմանում է՝ իրեն կիսելով: Միանալով է մարդը բազմանում. եկեք միանա՜նք»: Ծառատունկ-ցերեկույթի պատվավոր հյուրերն էին` Արցախյան վերջին պատերազմի մասնակից վիրավոր զինվորներ` Տիգրան Մելիքյանը, Սուրեն Բիձյանը, Բորիս Սիմոնյանը, Մնացական Լալազարյանը, Վահե Մկրտչյանը, Գևորգ Մարգարյանը, Հայկ Հախվերդյանն ու Դավիթ Մուրադյանը: Տղաներին համախմբել է ոչ միայն անցած մարտական ուղին, այլ նաև «Լեռնինգ միշն» /Ուսումնական առաքելություն/ բարեգործական կազմակերպությունը, որի շրջանակներում տղաները ձեռք են բերում նախընտրած մասնագիտական գիտելիքներ և դառնում հասարակության լիարժեք անդամ:

Երևանի բուսաբանության ինստիտուտի, հանձինս տնօրեն` Անահիտ Ղուկասյանի կողմից պատվավոր հյուրերին հանձնվեցին Երևանի Բուսաբանության այգու մուտքի նվեր-քարտեր: Կատարելով փոքրիկ պատմական ակնարկ դեպի օրվա խորհուրդ, նախաձեռնության կազմակերպիչ, պատմաբան Սամվել Բաղդասարյանը հիշատակեց 1918 թվականի իրադարձությունները, երբ թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Ալեքսանդրապոլ: Այդ ժամանակ Գևորգ Ե կաթողիկոսին առաջարկում են անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան: Սրբազան հովվապետի պատասխանը լինում է խիստ և մերժողական: Նա հրամայում է զօր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ամբողջ ազգին:

«Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից»: Միջոցառման ավարտին վիրավոր զինվորների, Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի № 147, 136 և 85 դպրոցների աշակերտների համատեղ ջանքերով Արահետը համալրվեց ևս մեկ խորհրդանշական Ապրողաց ծառով` ավետաբեր զանգի ղողանջի ներքո: Ու եթե պատմությունն իրապես սիրում է կրկնվել, ապա թող հայ ժողովրդի համար այն կրկնվի միմիայն հաղթանակներով: Տեղեկանք: Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետը» հիմնվել է 2020 թվականի սեպտեմբերի 21-ին, մի խումբ սրտացավ այցելուների նախաձեռնությամբ ու ջանքերով: Նույն օրը տնկվել է 30 ծառ-տնկի`տրամադրված Երևանի բուսաբանության ինստիտուտի կողմից: Սեպտեմբերի 26-ին, Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151 ամյակի առիթով անցկացվել է ծառատունկ-հիշատակում: 2021-ի ապրիլի 1-ին արահետում տնկվել է խորհրդանշական «Կենաց ծառը»: Ապրիլի 24-26-տեղի է ունեցել «106 տարի` 106 ծառի խորհրդով» տնկարկումը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին:

Մայիսի 8-ին` Հաղթանակի օրվան ընդառաջ, իրականացվել է խորհրդանշական «Ծառ հիշատակաց» միջոցառումը`Հայրենական և Արցախյան հերոսների մասնակցությամբ:

Նշենք, որ աշնանը կիրականացվի ևս 103 ծառի տնկարկում (նվիրված Սարդարապատի 103-րդ տարեդարձին)` Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչ` Համլետ Չոբանյանի ընտանիքի օժանդակությամբ: