Երևանում և մի շարք մարզերում քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրական լարեր

Երևանի մի շարք փողոցներում և որոշ մարզերում այսօր՝ մայիսի 23-ին, քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրական լարեր։ Այս մասին  տեղեկացնում է ԱԻՆ-ը։

«Մայիսի 23-ին, ժամը 16։22-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային եւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Կասյան, Գր․ Արծրունու, Րաֆֆու, Ավետիսյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Նալբանդյան փողոցներում, Արարատի և Արմավիրի մարզերում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրական լարեր։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Ժամը 19։30-ի դրությամբ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։