Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, եթե նա անհապաղ չձերբակալվի, Հայաստանին սպասվում է կործանում

Հաղորդում հանցագործության մասին. փաստեր, անողոք փաստեր

 

12.05.2021թ. Ադրբեջանի ԶՈւ զորախմբերը ՀՀ տարածք ներխուժեցին, մեր երկրի տարածքային ամբողջականությունը խախտելով, որոշակի տարածքներ զբաղեցրին և տիրեցին այդ տարածքներին:

Շռան Վաղոյի «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան», որը պարբերաբար հանդես է գալիս չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց ձեռնպահ մնալու ԶԼՄ-ներին ու հանրությանն ուղղված կոչերով, նույն օրը` մայիսի 12-ին, հանդես գալով հայտարարությամբ , արծրունհովհաննիսյանական արատավոր, եթե չասենք հանցավոր գործելակերպով հանրությունից փորձեց թաքցնել իրականությունը` թշնամու կողմից ՀՀ տարածք զինված ներխուժման, մեր երկրի տարածքային ամբողջականությունը խախտման, որոշակի տարածքներ զբաղեցնելու և տիրելու փաստը ներկայացնելով իբրև ադրբեջանական զինուժի կողմից Սյունիքի սահմանային հատվածներից մեկում «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ որոշակի աշխատանքներ իրականացնելու փորձ:

13.05.2021թ. ՀՀ գերագույն գլխավոր դավաճան, Հայաստանում իշխանությունը հանցավոր կերպով զավթած, ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո իրեն մեր երկրի օրենսդրության խախտմամբ, ապօրինաբար ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակած Նիկոլ Փաշինյանի «ՀՀ անվտանգության խորհուրդ» կոչվածի արտահերթ նիստում հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

«Արդեն 2-րդ օրն է, Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է: Պատճառն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել, հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ, հրազենի կամ այլ զինատեսակի կիրառման դեպք չի գրանցվել: Այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 200-250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս` Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում» (ընդգծումը` մերը):

Ուշադրություն դարձրեք այն փաստին կամ Նիկոլի հայտարարության այն մասին, որ մայիսի 13-ի դրությամբ ՀՀ պետական սահմաններից ներս գտնվել են ադրբեջանական զինուժի ընդամենը շուրջ 200-250 ներկայացուցիչներ: Թշնամու զինծառայողների թիվը Նիկոլն այնքան մոտավոր ներկայացրեց, 200-ի և 250-ի միջև տարբերությունն այնքան մեծ է, որ մտածում ես` ՀՀ զինուժի ներկայացուցիչներին չկրակելու հրաման տալուց բացի, նրանցից հեռադիտակնե՞րն էլ են հավաքել… Բայց սա այլ խնդիր է, բուն թեմայից չշեղվենք:

14.05.2021թ. «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան» հանդես եկավ հերթական հայտարարությամբ , որում մասնավորապես նշված է.

«Այսօր առավոտից համացանցում և տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման նոր դեպքերի մասին չեն համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական ստորաբաժանումները  մայիսին 13-ից հետո ոչ միայն առաջ չեն եկել, այլև, հայկական ԶՈւ գործողությունների արդյունքում ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից»:

15.05.2021թ. «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորայի» հերթական հայտարարության  մեջ մասնավորապես նշված է.

«Չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասը այս պահին շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում»:

Եթե, ըստ ՊՆ կոչվածի հայտարարության, ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, և մայիսի 12-ից ՀՀ տարածք ներխուժածների միայն մի մասն է մայիսի 15-ի տվյալ պահի դրությամբ շարունակում գտնվել ՀՀ տարածքում, այսինքն` մյուս մասն արդեն ստիպված հեռացել է ՀՀ տարածքից, ապա պարզ է, որ ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժի շուրջ 200-250 ներկայացուցիչներ (մայիսի 13-ի դրությամբ Նիկոլի հրապարակած ադրբեջանական զինվորականների թվաքանակը) այլևս չպետք է մնացած լինեին, նրանց թվաքանակը պետք է դրանից պակաս լիներ:

ՊՆ կոչվածի նույն հայտարարության մեջ նշված է նաև.

«Հարկ ենք համարում նշել, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, թե՛ ամբողջ տարածքը, թե՛ իրենք՝ զինվորականները, և թե՛ նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ»:

Եթե ՊՆ կոչվածը չի կեղծել, այսինքն` բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, թե՛ ամբողջ տարածքը, թե՛ իրենք՝ զինվորականները, և թե՛ նրանց ապահովման ուղիները գտնվել ու գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ, ապա պարզ է, որ արտաքին թշնամու զորախմբերում ընդգրկված զինծառայողների թվաքանակը, որը մայիսի 15-ի դրությամբ, ըստ ՊՆ կոչվածի վերոնշյալ հայտարարության, պետք է պակաս լիներ մայիսի 13-ին Նիկոլի հայտարարած թվից (շուրջ 200-250), պետք է մնար նույնը և չէր կարող ավելանալ:

Մայիսի 15-ին, ավելի ուշ ՊՆ կոչվածի մեկ այլ հայտարարության  մեջ նշված է.

«Բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինվորականները փորձել էին դիրքերի առաջխաղացման գործողություններ իրականացնել, այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել։

Հիշեցնենք, որ երեկ, հայկական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից»։

16.05.2021թ. ՀՀ ՊՆ կոչվածը հանդես եկավ հերթական հայտարարությամբ , որում մասնավորապես նշված է.

«Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից։ Հիշեցնենք, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ստանալ, ապահովման բոլոր հնարավոր ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ, այսինքն՝ նրանք զրկված են սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից։

Իրադրությունը կայուն է, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ամրաշինական որևէ գործողություն չեն իրականացնում և իրավիճակի սրման փորձեր չեն անում» (ընդգծումը` մերը)։

Այսպիսով, ըստ ՊՆ կոչվածի հայտարարության, ադրբեջանական զինուժը մայիսի 16-ի առավոտվա դրությամբ զրկված էր սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից, այսինքն նաև` իր զորախմբերը լրացուցիչ զինծառայողներով համալրելու հնարավորությունից, որոնք (զորախմբերը) մտնում են հայտարարությունում նշված «այլ միջոցների» մեջ, այլ կերպ ասած, նրանց թվաքանակը Նիկոլի հայտնած 200-250-ից պետք է պակաս լիներ:

17.05.2021թ, ՊՆ կոչվածի այդ օրվա հայտարարության  մեջ նշված է.

«Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել։ Մայիսի 16-ին կայացած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում» (ընդգծումը` մերը):

Վերոնշյալ հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների թվաքանակը, որը մայիսի 14-ին նրանց մի մասի հեռանալու արդյունքում 200-250-ից նվազել էր, մայիսի 16-ի բանակցություններից հետո իրենց ելման դիրքեր ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խմբերի վերադարձից հետո պետք է էլ ավելի նվազած լիներ:

18.05.2021թ. ՊՆ կոչվածի նույն օրվա հայտարարության  մեջ նշված է.

«Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մեջ, մայիսի 18-ի առավոտյան դրությամբ, փոփոխություններ չեն արձանագրվել»:

Այսպիսով արձանագրում ենք, որ ըստ ՊՆ կոչվածի պաշտոնական տեղեկատվության, մայիսի 18-ի առավոտվա դրությամբ մինչ այդ եղած իրադրությունը մնացել է անփոփոխ, այսինքն` ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների թվաքանակը չի ավելացել ու մնում է մայիսի 13-ին Նիկոլի նշած 200-250-ից շատ պակաս, քանի որ դրանից հետո երկու անգամ` մայիսի 14-ին և 16-ին, ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խմբեր վերադարձել են իրենց ելման դիրքեր, այսինքն` դուրս եկել ՀՀ տարածքից:

Ավելին. նույն` մայիսի 18-ի հայտարարության մեջ նշված է նաև.

«Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։

Թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից»:

Հայտարարության վերը մեջբերված մասը նշանակում է, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են նաև ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների համալրումն այլ զինծառայողներով, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկում:

ՊՆ կոչվածի մայիսի 18-ի հաջորդ հայտարարության  համաձայն` «…ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել»:

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի մայիսի 18-ի ֆեյսբուքյան գրառման  համաձայն` «Ադրբեջանը Սեվ լճի շրջանում ոչ մի մետր չի նահանջել։ Պարզապես 250 հոգի էին մնացել են 50-ը»:

19.05.2021թ. ՊՆ կոչվածի նույն օրվա հայտարարության  մեջ նշված է.

«Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։

Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր»:

ՊՆ կոչվածի մայիսի 20-ի հայտարարություններից թե՛ առաջինում, թե՛ երկրորդում  բառ անգամ չկա ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների համալրման մասին, այսինքն` ՊՆ կոչվածը հանրությունից միտումնավոր թաքցրել է իրականությունը` ՀՀ տարածք ապօրինաբար մուտք գործած թշնամական զինված խմբերի համալրման փաստը, ինչպես նաև նրանց բազմապատկման ժամանակն ու հանգամանքները:

Ա՛յն, որ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորախմբերը մայիսի 19-ին կամ 20-ին համալրվել մեր երկրում գտնվածից շատ ավելի մեծ թվով զինծառայողներով, ՀՀ կառավարության մայիսի 20-ի նիստի սկզբում հպանցիկ նշել է ինքը` իրեն ապօրինաբար ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակած, Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած Նիկոլ Փաշինյանը` ասելով, որ «դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում»:

Ցավոք, մեր ընդդիմադիր կուսակցությունները, քաղաքական գործիչները, ԶԼՄ-ները չնկատեցին ՀՀ-ում եղած թշնամական զորախմբերի ավելի քան տասնապատկման փաստը, և Նիկոլին, ՊՆ կոչվածին, պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանին չհարցրեցին, թե այդ ինչպե՞ս… Չհարցրեցին, թե այդ ե՞րբ և ինչպե՞ս համալրվեցին նրանք, ինչո՞ւ դա թույլ տրվեց, ո՞ւմ կամ ո՞ր պաշտոնյաների մեղքով, և ո՞վ (ովքե՞ր) պետք է պատասխան տան կատարվածի համար:

Չհարցրեցին, թե ՊՆ կոչվածը մինչ այդ ինչո՞ւ էր ստում` հայտարարելով, թե «…բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, թե՛ ամբողջ տարածքը, թե՛ իրենք՝ զինվորականները, և թե՛ նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ», «…ապահովման բոլոր հնարավոր ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ, այսինքն՝ նրանք զրկված են սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից», «…հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։ Թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից»:

Այո՛, ՊՆ կոչվածը փաստորեն շարունակել է ստել, կեղծել ու հանրությանը մոլորեցնել նաև մայիսի 19-ին` հայտարարելով, որ «Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր»:

Իսկ եթե ՊՆ կոչվածը չի ստել վերը շարադրվածի առումով, ապա այդ դեպքում մնում է միայն մեկ տարբերակ` ՀՀ զինված ուժերին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի կամ «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածի ղեկավարության կողմից դավաճանաբար հրաման է տրվել չկրակել, թույլ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորախմբերի անարգել համալրումն այստեղ մինչ այդ եղածից շատ ավելի մեծ թվով զինծառայողներով:

Ինչպես մայիսի 12-ին և 13-ին դավաճանաբար թույլ է տրվել թշնամական զորախմբերի մուտքը ՀՀ տարածք ու նրանց խորանալը, դա չի կանխվել, այնպես էլ պետական դավաճանությունը շարունակվել է մայիսի 19-ին կամ 20-ին, մինչև կառավարության վերոնշյալ նիստը: Եվ ովքե՞ր կհավատան, որ այդ ամենը եղել է առանց ՀՀ գերագույն գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանի գիտության, ավելին` առանց ներքին կարգով, բանավոր կերպով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ու ՊՆ կոչվածի ղեկավարությանը նրա տված հրամանի:

Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, ու քանի դեռ նա չի ձերբակալվել, ինչն անհապաղ պետք է արվի, Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախտումները կշարունակվեն: Դա նշանակում է մեր երկրի կործանման սկիզբը, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը կործանման եզրին է կանգնած, ինչի համար ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի հետ միասին հետևանքների ողջ պատասխանատվությունը լիարժեքորեն կրում են նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, եթե նույնիսկ սույն հրապարակումից հետո անհապաղ չհարուցեն քրեական գործ ու չձերբակալեն Նիկոլ Փաշինյանին:

 

Արթուր Հովհաննիսյան