Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ․ Փաշինյան

Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ ստորագրելու է Տավուշի գյուղերը Ադրբեջանին փոխանցելու փաստաթուղթը․ «Այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այն պայմաններում, որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ՝ նշելով, որ Նիկոլը համաձայնել է կատարել Ադրբեջանի պահանջները՝ երեք պայմանով. մինչև ընտրություններ Ադրբեջանը դուրս բերի զորքերը Հայաստանի տարածքից, գոնե մի քանի գերի վերադարձնի և դիվանագիտական բառապաշարով Տավուշի 5 գյուղի հատվածը ձևակերպված լինի լղոզված՝ որպեսզի կարողանա դիմակայել մինչև ընտրությունների ավարտը:

Փաշինյանը անդրադառնալով շրջանառվող փաստաթղթղին՝ նշեց, թե այդ թղթի 99 տոկոսը ծածկված է:

«Դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ, պատկերացնո՞ւմ եք. Այս գործողությունները այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալական ցանցի գործունեություն, ես, կներեք, չեմ կարող որակել: Պետք է վերլուծել, թե այդ թղթերը որտեղից են նրանք ստանում, ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, Ադրբեջանն է, որովհետև եռակողմ խոսակցություն է գնում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, ինչքան վերլուծում եմ, որ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից: Եվ ես ասում եմ, որ այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին ու, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե այդ թուղթը չի հրապարակի, քանի որ կոռեկտ չի համարում աշխատանքային թուղթը հրապարակել, բանակցություններ են գնում:

«Չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ»,- ասաց նա: