Ադրբեջանն իր զորախմբերը հետ քաշելուն կարող էր համաձայնել միայն…

Նախ, համառոտ, թե թշնամու զորախումբը մինչև ուր է հասել, ինչ հնարավորություններ ստացել… Հասել է Սյունիքի Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից երևում է Գորիս քաղաքը: Տեղեկությունը Hraparak.am -ի հետ զրույցում հաստատել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը: Սա նշանակում է, որ ադրբեջանական զորախումբը չի սահմանափակվել Սև լճի տարածքով և էլ ավելի առաջ է անցել Սև լճի տարածքից: Այս փաստը Tert.am -ի հետ զրույցում հաստատել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

Ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանի զինված ուժերի զորախումբը մայիսի 12-ին անարգել հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և Սյունիքում խորացել մինչև 3,5 կիլոմետր, հաստատվել մեծ Իշխանասար լեռան բարձունքում, շրջափակել Սև լիճը: Թշնամին այսպիսով վերահսկողություն է ձեռք բերել ոչ միայն Գորիս քաղաքի, Ակներ, Հարթաշեն, Խնածախ, Վաղատին, Նորավան և այլ գյուղերի, այլև ռազմավարական նշանակություն ունեցող Գորիս-Սիսիան մայրուղու, ինչպես նաև Սիսիանի օդանավակայանի նկատմամբ:

Թշնամու կողմից Վարդենիսի տարածքում նույնպես առաջխաղացում է եղել: «Մինչ դուք բանակցում եք, թշնամին Վարդենսիս հատվածում, որտեղ առաջ է եկել, վրաններ է տեղադրում… Չփորձեք ասել, թե լկտի սուտ է…»,- Ֆեյսբուքի իր էջում այսօր գրել է  ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը և գրառմանը կից հրապարակել վերոնշյալ տեղեկությունը հաստատող լուսանկարը:

Այսօր երեկոյան հայտնի դարձավ, որ շուրջ 5 օր տևած բանակցություններն ավարտվել են ի նպաստ Հայաստանի Հանրապետության, ադրբեջանական կողմը պատրաստվում է նահանջել Սև լճի տարածքից։ «Փաստինֆո»-ին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ադրբեջանական զորքերը դուրս կբերվեն բոլոր ուղղություններից։

Հիմա համառոտ անդրադառնանք այն հարցին, թե ինչու է Ադրբեջանն իր զորախմբերը հետ քաշելուն համաձայնել: Հայտնի է, որ թեև իրավիճակի խաղաղ հանգուցալուծման նպատակով ադրբեջանցիների հետ վարվող բանակցություններին հայկական կողմից մասնակցում էին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի և Առաջին բանակային կորպուսի ներկայացուցիչները, բանակցությունները ղեկավարում էր Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովը։ Ռուսաստանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով, և ՀԱՊԿ-ը նույնպես հետևում էին իրավիճակի զարգացմանը և բանակցությունների ընթացքին:

Ադրբեջանն իր զորախմբերը հետ քաշելուն կարող էր համաձայնել ու համաձայնել է միայն եթե Մուրադովի, այսինքն` Ռուսաստանի կողմից իր նկատմամբ կոշտ ճնշում է եղել: Եթե չի եղել այդպիսի ճնշում, ապա Ռուսաստանի կողմից Մուրադովի միջոցով Ադրբեջանին քաղաքական ինչ-որ առևտուր է առաջարկվել, որը ձեռնտու է եղել նրան:

Հնարավոր է նաև, որ քաղաքական այդ առևտուրն առաջարկած լինի հայկական կողմը: Օրերս ԶԼՄ-ներում տեղեկատվություն հրապարակվեց, որ ադրբեջանցիները հասկացրել են, որ իրենց զավթած տարածքներից դուրս կգան միայն, եթե հայկական կողմը համաձայնի այլ տեղում զիջումների: Այս դեպքում դժվար է հասկանալ, թե խոսքը տարածքայի՞ն զիջումների մասին է, թե դա կապված է Ադրբեջանին Մեղրիով Նախիջևանի և Թուրքիայի հետ տրանսպորտային հաղորդակցության հնարավորություն տալու ինչ-որ նրբությունների հետ…

 

Արթուր Հովհաննիսյան