Նիկոլը գողեգող ճանապարհ է հարթում թուրքի համար ու մաս-մաս ծախում մեր Հայրենիքը

Հայաստանի սուվերեն պետության սահմանը խախտելու և երկիր ներխուժելու թուրքական սցենարը, պարզվում է,  մշակվել էր ապրիլի վերջին՝ թուրք-ադրբեջանական պատվիրակների հետ Նիկոլի վերջին գաղտնի հանդիպման ժամանակ:

Այսպես, Փաշինյանը ապրիլի 29-30-ը Կազան էր  մեկնել ոչ միայն մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, այլև 30-ի գիշերը Կազանում գաղտնի հանդիպում ունենալու ադրբեջանական մի պատվիրակության հետ: Այդ հանդիպման մասին գաղտնազերծել էր միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով,  որ փակ դռների հետևում Փաշինյանը ադրբեջանցիների հետ  քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցը, նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման, ճանապարհային քարտեզի հետ կապված հարցերը:  Ադրբեջանցիների հետ գաղտնի հանդիպումը կայացավ, բայց պարզվեց, որ դա բավարար չէ ու կատարվեց անսպասելին: Կազանից վերադառնալիս՝ ապրիլի 30-ին հայտարարվեց, թե  վարչապետի ինքնաթիռը տեխնիկական անսարքություն ունի. «Կեսգիշերին մոտ նախկին վարչապետ Փաշինյանի ինքնաթիռը թռչում է դեպի Վրաստան, սակայն Հայաստանի օդային տարածք մուտք գործելու փոխարեն՝  հայտնվում է Թուրքիայի տարածքում և մի քանի ժամով անհետանում Կարս քաղաքի շրջակայքում»: Կատարվածը  բացահայտած Անդրանիկ Հովհաննիսյանը մեզ հետը զրույցում ասել էր. «Ինքնաթիռի տեխնիկական անսարքության մասին տարածված լուրը սուտ էր՝ նպատակը մեր ուշադրությունը շեղելն էր Թուրքիայում  կայանալիք գաղտնի հանդիպումից: Իսկ հանդիպումը կայացավ, այս պատմության մեջ հարցերը շատ են, շուտով ամեն ինչ կպարզվի»:

Ժամանակը երկար սպասեցնել չտվեց. Թուրքիայում՝ մեր պատմական հայրենիքում՝ Կարսում, Փաշինյանի ու թուրք պաշտոնյաների հետ  կայացած գաղտնի հանդիպումից օրեր անց՝ մայիսի 12-ին, Ադրբեջանի 250 հոգանոց զինված ստորաբաժանումը Սյունիքում՝ 6 կիլոմետր խորությամբ ու Գեղարքունիքում հատեց ՀՀ միջազգայնորեն ճանաչված պետա­կան սահմանները:

Թուրքը մտել է  մեր երկիր՝ առանց արգելքի, առանց հայկական բանակի դիմադրությանը հանդիպելու, առանց մեկ կրակոցի: Անգամ միջազգային փորձագետներն են զարմաքով արձանագրում, որ Հայաստանի  պետական սահմանները չեն հսկվում, ու ընդհանրապես, անպաշտպան են, նույն իրավիճակն է բոլոր հատվածներում: Եվ եթե թշնամին որոշի բոլոր ուղղություններով ներխուժել Հայաստան ու հասնել մայրաքաղաք Երևան՝ ընդամենը ժամերի  հարց է:

Դժվար է պատկերացնել անգամ, որ նման սադրանք  կարող էր լիներ նախկինում, և, եթե անգամ թշնամին հանդգներ՝ կարժանանար  հայկական բանակի  կոշտ պատասխանին՝ տեղում կկանխվեր թշնամու ագրեսիան: Մինչդեռ Փաշինյանի իշխանության օրոք ադրբեջանցի զինվորը ձեռքերը գրպանը դրած, շվշվացնելով հատում է Հայաստանի  պետական սահմանը, ուզածի չափ խորանում երկրից ներս ու  ասում. «Դուրս չենք գալու, սա մեր հողն է, դուք գնացեք»:

Հիշո՞ւմ եք, ինչպես էր Ալիևը ցինիկաբար հայտարարում, թե  առանց տանկերի կհասնեն Երևան: Մայիսի 12-ին առանց մեկ կրակոցի եկան ու զավթեցին Սև  լճի մատույցները՝ ափի մեջ առնելով Սյունիքի մի քանի բնակավայրեր, Սիսիանի օդանավակայանը, զավթելով Հայաստանի  ջրային ռեսուրսների կարևոր հատվածը: Իսկ Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյանը մեղմ տոնով ասում է՝ «Հույս ունենք, որ նրանք հետ կգնան և կգրավեն ելման դիրքեր»: 

Դավադրությունը Հայաստանի,  հայ ժողովրդի դեմ շարունակվում է. երեկ՝ Արցախը, այսօր՝ Սյունիքը, վաղը Վայոց Ձորը…

Թուրքը ներխուժել է մեր պետության տարածք ու ցանկություն  չունի հեռանալու. սա ոտնձգություն է Հայաստանի ինքիշխան պետության տարածքային ամբողջականության նկատմամբ, սա հանցագործություն է, որն ամեն պահի կարող է վերաճել ռազմական լայնածավալ գործողությունների:  Իսկ ի՞նչ է անում այս օրհասական պահին փաշինյանական իշխանությունը:

ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴ ՍՏԱԽՈՍՆԵՐԸ

Մայիսի 12-ին, մի ամբողջ օր, իշխանությունը կա՛մ լռեց, կա՛մ հակասական հայտարարություններ էր հնչեցնում:  Թշնամու զինված ստորաբաժանումների կողմից իրականացված սահմանախախտումը կանխելու փոխարեն, իշխանությունը  զբաղված էր փաստերը գլխիվայր ներկայացնելով:

ՊՆ-ը կեղծելով փաստերը՝ հայտարարում էր. «Ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» համար  որոշակի աշխատանքներ է իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում»։  Սյունիքի «իմքայլական» մարզպետը  մարդկանց հավատացնում էր, թե. «Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են»:  Հիշո՞ւմ եք, նույն կերպ 2020-ին Տավուշի դեպքերի ժամանակ ադրբեջանցի զինվորների  մոլորվելու մասին էր  խոսում  Փաշինյանը…

«Իմքայլական» կարկառուն դեմքը՝ Քոչարյան  Անդրանիկը, ահա թե ինչպես մեկնաբանեց Սյունիքում կատարվածը. «Դե, ընդամենը մեկ դիրք է, առաջ գալ չկա, մի բարձունք է, էն էլ չպահպանվող բարձունք», ու սլաքներն ուղղեց ընդդիմությանը, թե. «Կարծես, առիթ լիներ, որ ոմանք լարվածության մեջ գցեն մեր երկիրը»: Նույն ընթացքում Փաշինյանի կամակատարը դարձած ԱԱԾ-ն սպառնում էր պատժել նրանց, ովքեր կիրազեկեն, թե ինչ է կատարվում Սյունիքում: Միայն 24 ժամ անց  երկրի վարչապետի ժանակավոր պաշտոնակատարը  հրավիրեց անվտանգության խորհրդի նիստ, հնչեցնելով անատամ մի հայտարարություն՝ երրորդ  երկրի ղեկավարի մակարդակի. «Հույս ունենք,  ոնց եկել են, այնպես էլ հետ կգնան ելման դիրքեր»: Այս մարդու համար Հայաստանը հայրենիք չէ, պե՞տք է վերջապես հասկանանք…

Կրկնվում է նույն սցենարը. ինչպես ստեցին 44 օր ու  հանձնեցին Արցախը, այնպես էլ ստելով  կհանձնեն Սյունիքը, Վայոց Ձորն ու ամբողջ  Հայաստանը։

Իսկ  սյունեցիները, կամավորականները, փորձագետները,  պատգամավորները, լրագրողներն ահազանգում էին, որ Սյունիքում, որոշ դիրքերում, Կապանի օդանավակայանի մոտ ծածանվում է ադրբեջանական դրոշը: Մայիսի 1-ին համացանցում լուսանկարներ տարածվեցին, որ թշնամին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բարձրադիր հատվածում թուրքը տեխնիկա է բերել և իր համար դիրքեր է կառուցում:  Անգամ «իմքայլական» Սասուն Միքայելյանը խախտեց լռությունը, որը պահպանում էր  44-օրյա ողջ պատերազմից առ այսօր. նա ահազանգեց, թե  ծանր վիճակ է Սյունիքում, ադրբեջանցիներն անգամ կարող են փողոցից մարդ բռնել, տանել: Երկար ժամանակ է, ինչ հայ դիրքապահները բարձրաձայնում են՝  Իշխանասարի տարածքում չկա կանոնավոր հսկողություն:  ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «անտեղյակ» Փաշինյանին տեղեկացրեց. «Չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատ, մեր անվտանգությունը գտնվում է մտահոգիչ վիճակում»: Մինչդեռ պատգամավորի՝  սահմանների կահավորման մասին բարձրացրած հարցին ի պատասխան՝ լսեցինք Փաշինյանի հեգնախառն, ցինիկ հոխորտանքը, թե. «Ադրբեջանցիներին տեղեկատվություն եք տալի՞ս,  ինչ պետք է՝ գաղտնի արվում է, ու լավ է, որ դու և ադրբեջանցիները դա չեք տեսնում: Սյունիքում ամեն  ինչ կարգին է»:

Իսկ նախօրեին,  վարչապետի ԺՊ-ն  անտեղյակ ձևանալով՝ ԱԽ նիստում հարց էր հնչեցնում. «Ինչպե՞ս եղավ, որ  ադրբեջանցիները կարողացան  միջդիրքային տարածքներով հասնել Սև լիճ»: Նորից նույն կեղտոտ խաղն է խաղում դավաճանը՝ մտնելով  կեղծավոր-սուտասանի, մեղքը ուրիշների վրա բարդողի իրեն հարազատ դերի  մեջ:

Հայրենիքը մաս-մաս թուրքին ծախողը, հայրենիքի հետ կապված ցանկացած մտահոգություն բարձրաձայնելիս ջղաձգվում է՝ այն որակելով  քաղաքական շահարկում, մինչդեռ ինքը  գողեգող ճանապարհ է  հարթում  թուրքի համար:  Հեռացրել է  բանակը սահմանային հատվածից, զինաթափել հայ կամավորականներին, իսկ գյուղապետներին, համայնքապետներին լռեցնելու համար  քրեական գործեր է հարուցում:

Փոխվարչապետ  Տիգրան Ավինյանը Գորիսում հայտարարում է, թե պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումների, բայց կամավորականերին, ինքնապաշտպանական ջոկատներին  մեկուսացրել են ու զինաթափել:  Երեկ հայ կամավորականները հայտնի Արթուր Այվազյանի՝ Մոնախի գլխավորությամբ, փակել էին միջպետական ճանապարհը` պահանջելով ներկա իշխանություններից վերադարձնել իրենց զենքերը` սահմանների պաշտպանության նպատակով: Սակայն հայրենիքի պաշտպան տղաներին զինելու փոխարեն, «ժողովրդի սրտի վարչապետի» հրահանգով, կամավորականներից  9-ին բերման ենթարկեցին, իսկ մեկին՝ ձերբակալեցին:

Մարդիկ շվարած են, հարց են տալիս՝ որտե՞ղ է  հայկական հզոր բանակը,  ինչո՞ւ չեն շրջափակում ու  գերի վերցնում  250 ադրբեջանցի­ներին, ի վերջո, մենք Բաքվի բանտերում գերիներ ունենք ու կարող էինք փոխանակել: Ինչո՞ւ չեն փակել թշնամու առաջախաղացումը, հայ զինվորին ելակ կերցնողներն ու տրուսիկ մատակարարողները  նոր բարեփոխումների՞ են ենթարկում բանակը, թե՞ Փաշինյանին հաջողվել է ոչնչացնել Հայկական բանակը՝ մեր անվտանգության միակ երաշխավորին, իրականացնելով Ալիևի հրահանգը, թե. «Հայաստանը բանակ չի ունենալու, մենք դա թույլ չենք տալու»:

Մինչ հայ մարդը շվարած հարցեր կտա, ու կփորձի հասկանալ, թե ի՞նչ է կատարվում իր երկրի դեմ ու իր երկրում, Փաշինյանը կավարտի իր թուրքական ծրագիրը՝  տապանաքար դնելով հայոց պետականության վրա:

Արմինե Սիմոնյան