Առողջապահության նախարարը շարունակում է ստել պատվաստումների թեմայով

Հանրային հեռուստաընկերության «Covid-19. Պատվաստումն աշխատում է» թեմայով առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ա.Ավանեսյանի մասնակցությամբ 02.05.2021թ. կիրակնօրյա Հանրային քննարկում հաղորդաշարին հնչեցին մի շարք կեղծ տեղեկատվություններ:

ԿԵՂԾԻՔ N1. «AstraZeneca»-ով պատվաստվելուց հետո գրանցվել են տասնյակ դեպքեր, որ կողմնակի ազդեցություններ են եղել: Եղել են մի քանի մահվան դեպքեր, բայց որոնց պատճառահետևանքային կապն այս պահին էլ դեռ հստակ ապացուցված չէ:

ՀԵՐՔՈՒՄ N1. Դեղերի եվրոպական գործակալությունը հաստատել է «AstraZeneca»-ով պատվաստումների և թրոմբոզների միջև կապը, որոնք որոշ դեպքերում դարձել են մահվան պատճառ:

Դեղերի և բժշկական ապրանքների կարգավորման Բրիտանական գործակալության տվյալներով մարտի 31-ի դրությամբ կատարվել է «AstraZeneca» պատվաստանյութով 20 մլն ներարկում և 79-ի դեպքերում (51 կին, 28 տղամարդ 18-79 տարեկան տարիքային խմբում) արձանագրվել է թրոմբոզ, ընդ որում 19 մարդ մահացել է:

Ավելին, 15.04.2021թ. դրությամբ «Պացիենտների ապահովագրության դանիական ասոցիացիան» արդեն ստացել է 29 հայցադիմում՝ «AstraZeneca» պատվաստանյութի հետևանքները, այդ թվում մահվան դեպքերը փոխհատուցելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է պատվաստանյութի թեթև կամ միջին դրսևորման կողմնակի ազդեցություններին, ապա դրանք, ըստ ԱՀԿ-ի տվյալների, կարող են հանդիպել հաճախ, իսկ որոշները` շատ հաճախ դեպքերում:

ԿԵՂԾԻՔ N2. «AstraZeneca»-ով պատվաստման տարիքային խմբերում որոշակի փոփոխություններ են արվել տարբեր երկրներում, բայց որ ամբողջությամբ հրաժարվեն այդ պատվաստանյութից, այդպիսի բան չկա:

ՀԵՐՔՈՒՄ N2. Օրինակ Դանիան, դեռ ս.թ. մարտի 11-ին ժամանակավոր դադարեցրել է «AstraZeneca» պատվաստանյութի կիրառումը, իսկ ապրիլի կեսերին վերջնականապես հանել այն կորոնավիրուսի պատվաստումների իր օրացույցից:

Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնություն