«ԱստրաԶենեկա»-ով պատվաստվելու համաձայնության ձևում անուղղակի կերպով է նշվում հետպատվաստումային անբարեհաջող լուրջ դեպքերի մասին՝ առանց դրանց կոնկրետացման

Առողջապահության նախարարությունը 1391-Ա հրամանով ապրիլի 22-ին հաստատել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով պատվաստվելու համաձայնության ձև: Պատվաստվողը այն ստորագրելով հաստատում է, որ տեղեկացված է այն մասին, որ «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութը նախատեսված է կիրառել 55 տարեկան և բարձր տարիքային խմբում՝ հետպատվաստումային անբարեհաջող լուրջ դեպքերի ԳՐԱՆՑՄԱՆ հավանականությունը նվազեցնելու նպատակով»: Հաշվի առնելով վերոհիշյալը, սույն փաստաթղթով պատվաստվողը հաստատում է, որ համաձայն է կամավորության սկզբունքով պատվաստվելու կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով՝ 2 դեղաչափ սխեմայով, 8-12 շաբաթ ընդմիջումով:

Նույն հրամանով «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով պատվաստումների իրականացման կազմակերպումը 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կատարվում է ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով՝ վերոնշյալ համաձայնության ստորագրմամբ:

Կարելի է՞ արդյոք ավելի խճճված ձևակերպում պատկերացնել: Այսինքն, 18-55 տարեկան մարդը, ով ուզում է պատվաստվել, տեղեկանում է, որ «ԱստրաԶենեկա»-ն նախատեսված է կիրառել մեկ այլ՝ 55-ից բարձր տարիքային խմբի համար, որպեսզի նվազեցվի հետպատվաստումային անբարեհաջող լուրջ դեպքերը ու միևնույն ժամանակ տալիս է իր համաձայնությունը նման ռիսկի դեպքում պատվաստվել:

Առաջանում են հարցեր`

Ինչո՞ւ չի նշված, որոնք են այդ անբարեհաջող լուրջ դեպքերը:

Ինչու այդ ձևով ուղիղ չի տեղեկացվում պատվաստվողին 18-55 տարիքային խմբում անբարեհաջող լուրջ դեպքերի մասին:

Ինչու՞ ընդամենը մի քանի օրվա ընթացքում «ԱստրաԶենեկա»-ով պատվաստման շեմը ՀՀ-ում 55 տարեկանից իջեցվեց 18-ի:

Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնություն