Ո՞վ էր Վահան Նարիբեկյանը՝ Նիկոլի հետ Սյունիք մեկնելուց առաջ. «Իրավունք»

«Իրավունքը» գրում է․ «Ըստ թելեգրամյան ալիքների տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիա իրականացրած սյունեցիներին լուսանկարահանելու և դրանք ոստիկանությանը փոխանցելու համար իշխանությունն իր հետ Սյունիքի մարզ էր տարել Արգավանդ համայնքի նախկին ղեկավարի որդուն՝ Վահան Նարիբեկյանին:

Նույն աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով՝ հենց նա է սյունեցիների դեմ «գործ տվողը» եղել, և վերջինիս փոխանցած լուսանկարների պատճառով են բերման ենթարկվել եւ խոշտանգվել քաղաքացիներից շատերը:

Իսկ թե ո՞վ էր Վահան Նարիբեկյանը՝ Սյունիք մեկնելուց առաջ, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է հայտնի դարձել: Պարզվում է՝ Նարիբեկյանը ոչ միայն ջերմ ընկերական հարաբերություններ ունի իշխանության հետ, այլև «Արգավանդ կահույք» խանութների տնօրենն է: Այս անունն, իհարկե, քաջածանոթ է Ազգային ժողովից շատերին, որովհետև առնվազն տեսել են իրենց բեռնատարները խորհրդարանական շենքի մոտ պարբերաբար կահույք դատարկելիս: Այո, ճիշտ գուշակեցիք, հենց Նարիբեկյանի «Արգավանդ կահույքն» է Ազգային ժողովին գրասենյակային կահույք առաքում: Ավելին՝ մեր ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, որ իմքայլականների կողմից Ազգային ժողով մուտք գործելուն պես՝ դեռևս 2018 թվականին համաձայնագիր է կնքվել Նարիբեկյանի հետ՝ գնումների վերաբերյալ: Եվ, փաստորեն, չի բացառվում, որ վերջինս էլ, որպես շնորհակալություն իշխանությանն, իր ծառայություններն է մատուցել՝ սյունյաց դեպքերի ժամանակ»: